Կարևոր է Սահմանադրաիրավական գնահատական. կա անցյալին և՛ քաղաքական, և՛ իրավական գնահատական տալու անհրաժեշտությունը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի բաց նամակը, որում նա ծանր մեղադրանքներ էր ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, մեծ իրարանցում է առաջացրել քաղաքական դաշտում: ՀՀ գլխավոր դատախազը Շիրխանյանի նամակն ուղարկել է ԱԱԾ եւ ՀՔԾ դրանում նշված փաստերը ստուգելու համար:

Նամակում մատնանշված փաստերից մեկը վերաբերում է 1999թ. հոկտեմբերի 27-ի գործին, նաեւ պնդում կա՝ հանցախմբի ղեկավար Նաիրի Հունանյանն ԱԱԾ գործակալ է եղել: Երեկ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է այդ լուրերը, այլ միայն ասել, որ հոկտեմբերի 27-ի գործով նոր հանգամանքներ ի հայտ գալու դեպքում այն կվերաբացվի, կամ նոր գործ կհարուցվի:

Շիրխանյանի նամակի երկրորդ հատվածը վերաբերում է 1998թ. նախագահական ընտրությունները կեղծելուն, երբ ասել էր, թե Քոչարյանն իրականում 27 տոկոս է ստացել, բայց 59 տոկոսով հռչակել իրեն նախագահ:

Եւ, ահա, երեկ հայտնի դարձավ, որ ՀՔԾ-ն նյութեր է նախապատրաստում 1998թ. նախագահական ընտրությունները կեղծելու դրվագով:
Լավ է, որ իրավապահ համակարգն այսպես արագ է արձագանքել Շիրխանյանի նամակին, սակայն, նկատենք, այդ կեղծիքներն արվել են 20 տարի առաջ, եւ կեղծվել են ոչ միայն 1998թ., այլեւ 2003թ., 2008թ., 2013թ. նախագահական բոլոր ընտրությունները, ու կեղծվել են ամենաաղաղակող ձեւերով: Այդ ամենը եղել է բոլորիս աչքի առաջ:

Վազգեն Մանուկյանն ու իր շրջապատը պնդում են՝ կեղծիքներ եղել են ավելի վաղ` 1996թ. ընտրություններին: Որեւէ կասկած չկա` 1998թ. ընտրությունների մասով քրեական գործ հարուցվելու դեպքում որոշ շրջանակներ կսկսեն աղմկել, թե այդ դեպքում պետք է ՀՔԾ-ն ուսումնասիրությունները սկսի 1996թ. նախագահական ընտրություններից:

Իհարկե, կա անցյալին ե՛ւ քաղաքական, ե՛ւ իրավական գնահատական տալու անհրաժեշտությունը: Քաղաքական գնահատականը տվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ի իր ուղերձով: Իրավական գնահատական տրվել է միայն մարտի 1-ի իրադարձություններին, երբ քրեական գործ հարուցվեց սահմանադրական կարգը տապալելու եւ զինված ուժերը ներքաղաքական իրադարձություններում օգտագործելու վերաբերյալ: Սակայն նախագահական ընտրությունները կեղծելու վերաբերյալ քրեական գործի հարուցումը հազիվ թե արդյունավետ լինի: Սա թեկուզ այն պարզ պատճառով, որ 20 տարի առաջ տեղի ունեցածի ոչ բոլոր մասնակիցներն են այսօր ողջ. հազիվ թե հնարավոր լինի ամբողջությամբ բացահայտել ճշմարտությունը:

Բացի այդ, կեղծված ընտրությունների մասով ամենակարեւոր գնահատականը կարող է ՍԴ-ն տալ, մանավանդ որ 98թ.-ին թեկնածուներից Քոչարյանի ՀՀ քաղաքացիության խնդրի սահմանադրականությունը վիճարկելի է առ այսօր:




Լրահոս