Մեղավոր են և’ իշխանությունները, և’ գիտնականները. ինչ անել գիտությունը զարգացնելու համար. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԳԱԱ տարեկան ժողովում երեկ բարձրացրել է իշխանությունների ու գիտական համակարգի համագործակցության խնդիրը: «Մեր մեծագույն պրոբլեմներից մեկն այն է, որ կառավարությունը գործում է առանձին, իսկ գիտակրթական համակարգն՝ առանձին։

Մենք խնդիր ենք դրել, որ Հայաստանում էականորեն պետք է ուժեղացվի փորձագիտական պոտենցիալը, եւ դա պետք է արվի հետեւյալ կերպ. գիտակրթական համակարգը պետք է ներգրավված լինի ռազմավարությունների եւ քաղաքականությունների ձեւավորման գործընթացին, ինչը նաեւ ենթադրում է, որ ֆինանսական հոսքերը կուղղվեն նաեւ գիտակրթական համակարգ»,- ասել է նա:
Վարչապետի այս գնահատականներն իրենց մեջ բավականին լուրջ հիմքեր ունեն: Ու, եթե անկեղծ, այս ամենի մեջ մեղավոր են երկուստեք՝ իշխանություններն ու գիտնականները:

Շատ է խոսվել, որ ԳԱԱ-ն դեռեւս շարունակում է շարժվել խորհրդային տարիների ավանդույթներով՝ մնալով հին կաղապարների մեջ: Մշտապես հնչել են գնահատականներ, թե այնտեղ ծերակույտ է հավաքված, որն այդպես էլ չկարողացավ հարմարվել անկախ Հայաստանի նոր իրողություններին: Եւ այս պայմաններում գիտնականները միաբերան դժգոհում են ֆինանսական միջոցների անբավարարությունից, գիտության թերի ֆինանսավորումից, այնինչ ԳԱԱ-ն այսօր լուրջ ռեֆորմների եւ սերնդափոխության կարիք ունի: Սերնդափոխությունը, սակայն, պետք է արվի անցնցում, ոչ թե հնից կտրուկ հրաժարվելու եղանակով (ինչն անթույլատրելի է), այլ համադրելով փորձն ու երիտասարդ կադրերի հմտությունները, մանավանդ, երբ այսօր Հայաստանում կա երիտասարդ սերնդի լուրջ բանակ, որն ունի պոտենցիալ:

Պարզապես այդ պոտենցիալը պետք է օգտագործվի, այդ պոտենցիալի հիման վրա գիտական միտքը զարգացնելու համար պետք է լրջագույն ներդրումներ արվեն՝ ժամանակի պահանջներին համահունչ, այնինչ այդ կադրերի պոտենցիալը նախորդ կառավարությունները վերջին քսան տարում այդպես էլ չեն օգտագործել: Այս մասին խոսվել է շատ: Բավական է միայն նշել, որ նախկին վարչապետները կարեւոր հարցերի ժամանակ հիմնականում դիմել են արտերկրի մասնագետների օգնությանը` ահռելի ֆինանսական միջոցներ ծախսելով նման խորհրդատվությունների վրա:

Իսկ, ահա, գիտական ներուժը, որ այսօր կենտրոնացած է Հայաստանում, որն ավելի լավ է տիրապետում մեր երկրում ստեղծված իրավիճակին, մի տեսակ անտեսված է մնացել:

Ու ՀՀ նոր իշխանություններն այսօր առաջին հերթին հենց այս խնդրի վրա պետք է ուշադրություն կենտրոնացնեն, եթե, իհարկե, ուզում են ՀՀ-ում զարգացնել գիտությունը:




Լրահոս