Արմեն Սարգսյանի ակտիվ այցերը Ռուսաստան. ինչու դրանք չեն լուսաբանվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ակտիվ շրջագայում էր՝ հաճախակի այցելելով օտարերկրյա պետություններ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Սարգսյանը 11 անգամ միայն ՌԴ է այցելել, հանդիպումներ ունեցել, սակայն ոչ բոլոր այցերի մասին է եղել պաշտոնական հաղորդագրություն:

Ընդհանրապես, քաղաքական լայն շրջանակները նախագահի օտարերկրյա պետություններ ակտիվ այցերին այնքան էլ դրական չէին վերաբերվում` ասելով, թե նա մտնում է ՀՀ սահմանադրությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերապահված գործառույթների դաշտ: Ի վերջո, արտաքին քաղաքականության բնագավառում նախագահի լիազորությունները շատ սահմանափակ են: Այս առումով հետաքրքիր է, որ մարտի 1-ին, երբ հանդիպել էին ՀՀ վարչապետն ու նախագահը, Փաշինյանը հատուկ շեշտել էր Արմեն Սարգսյանի` օրտերկրյա հանդիպումների փաստը:

«Տեղյակ եմ, որ Դուք էլ այս ընթացքում որոշ հանդիպումներ եք ունեցել, որոնք տեղավորվում են այս տրամաբանության մեջ: Եվ նաեւ կարեւոր է այդ տեղեկատվությունները համադրել, որպեսզի դրանց պայմանավորվածությունների հետագա իրագործումը դառնա առավել արդյունավետ»,- նշել էր Փաշինյանը:

ՀՀ վարչապետի ակնարկները պատահական չէին. միայն այս տարվա մեջ Ա. Սարգսյանը հասցրել է լինել Ֆրանսիայում, որտեղ մասնակցել է Հայկական բարեգործական ընդհանուր միության 90-րդ լիագումար ժողովին: Նույն Փարիզում այլ հանդիպումներ է ունեցել տնտեսական շրջանակների հետ: Փետրվարի 13-ին էլ նա մասնակցել էր Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողությանը եւ կրկին բազմաթիվ հանդիպումներ ունեցել:

Իր պաշտոնավարման ընթացքում Ա. Սարգսյանը ԱՄՆ ու Գերմանիա այցելել է 2-ական անգամ, իսկ Ֆրանսիա՝ 3 անգամ:
Ամենաշատը նա եղել է ՌԴ-ում, ըստ մեզ հասած լուրերի` 11 անգամ, եւ այդ ընթացքում նրան սպասարկել է նաեւ ՌԴ-ում ՀՀ դիվանագիտական կորպուսը:

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական հարցում էր ուղարկել ՀՀ նախագահի լրատվության վարչություն` տեղեկատվություն ստանալու նախագահի այցերի, եւ հատկապես` ՌԴ այցի եւ հանդիպումների մասին:

Պատասխանում նշված է, օրինակ, որ Արմեն Սարգսյանն ունեցել է անձնական այցեր 2018թ. փետրվար-մարտ ամիսներին (երբ դեռեւս չէր ստանձնել հանրապետության նախագահի պաշտոնը), որոնց ընթացքում հանդիպումներ է ունեցել ՌԴ հայ համայնքի ներկայացուցիչների, հայ գործարարների, երիտասարդական կազմակերպությունների անդամների, ինչպես նաեւ իր վաղեմի բարեկամներ ռուս քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների հետ:

Մասնավորապես, նախագահի լրատվության ծառայության կողմից այդ ժամանակ տարածված հաղորդագրության մեջ նշված էր. «ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումների շարքը քաղաքական ուժերի, ազգային կառույցների, հասարակության տարբեր հատվածներն ընդգրկող կազմակեպությունների ներկայացուցիչների ու անհատների հետ»։

Ինչ վերաբերում է պաշտոնավարման ընթացքում Արմեն Սարգսյանի՝ ՌԴ այցերին, ապա նախագահականից տեղեկացրել են.
«Հանրապետության նախագահն ունեցել է մեկ աշխատանքային այց՝ 2018թ. հուլիսի 13-16-ը՝ Մոսկվայում մասնակցելով ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման արարողությունը: Այցի ընթացքում նախագահ Սարգսյանը ոչ պաշտոնական հանդիպումներ է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի, Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի, հնդիկ ազդեցիկ գործարար, խոշոր ձեռնարկատեր, հնդկական խոշորագույն ընկերություններից մեկի՝ Reliance Industries Limited-ի նախագահ Մուկեշ Ամբանիի եւ այլոց հետ:

Քանի որ Հայաստանն ունի դեպի Եվրոպա ուղիղ չվերթների սահմանափակ հնարավորություններ, որոշ արտասահմանյան երկրներ այցեր կատարելիս ՌԴ մայրաքաղաք Մոսկվան օգտագործվել է որպես տարանցիկ քաղաք: Այդ այցերի ընթացքում հանրապետության նախագահը պաշտոնական հանդիպումներ չի ունեցել, երկու անգամ ոչ պաշտոնական հանդիպում-ճաշ է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, փոխարտգործնախարար Գեորգի Կարասինի հետ՝ վերջիններիս նախաձեռնությամբ:

Նախագահը հանդիպել է նաեւ ռուս քաղաքական, հասարակական, գիտական, մշակութային գործիչների հետ, ինչպես, օրինակ, Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչիի, Մոսկվայի Պուշկինի անվան գեղարվեստի պետական թանգարանի տնօրեն Մարինա Լոշակի, Մեծ թատրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Ուրինի եւ այլոց հետ, որոնց Արմեն Սարգսյանը ծանոթ է վաղուց եւ ունի տարիների ընթացքում ձեւավորված բարեկամություն:

Արմեն Սարգսյանի մասնավոր այցերը, նաեւ որոշ աշխատանքային այցերի ծախսերի մի մասը կատարվել են անձնական միջոցների հաշվին, իսկ հանրապետության նախագահի աշխատանքային այցերը, ինչպես եւ պետական ու պաշտոնական այցերը ֆինանսավորվում են պետական բյուջեից այդ նպատակի համար նախատեսված միջոցների հաշվին»:

Հետաքրքիր է, որ Արմեն Սարգսյանի՝ ՌԴ-ում գտնվելու ընթացքում ունեցած հանդիպումները չեն լուսաբանվել, այդ մասին հաղորդագրություններ չեն եղել: Թե ինչու, կարելի է եզրակացնել:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս