Հայաստանի ֆուտբոլի առաջնության մակարդակի, լեգիոնականների լիմիտի եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Երեւանի «Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հետ:
-«Արարատի» առաջիկա հանդիպումը «Լոռիի» հետ է: Ի՞նչ վիճակով է Ձեր թիմը մոտենում այդ պատասխանատու հանդիպմանը:
-Ոչ թե միայն «Լոռիի» հետ խաղին ենք մենք նախապատրաստվում, այլ առաջնության մնացած խաղերին: Դա մեր պրոֆեսիոնալիզմն է, եւ չեմ պատկերացնում, որ կա թիմ, որը կարող է այլ կերպ պատրաստվել հանդիպումներին: Դա գործընթաց է, որը ուրիշ ձեւ ընթանալ չի կարող:
-Առաջնության մնացած թիմերից «Արարատը» բավականին հետ է մնացել: Հիմա կոնկրետ ի՞նչ խնդիր է դրված Ձեր առջեւ, եւ ո՞ր հորիզոնականը ինչ-որ չափով կբավարարի Ձեզ:
-Երբ ես եկա «Արարատ», նրանք շատ ավելի հետ էին մրցակիցներից (ծիծաղում է-հեղ.` Է.Մ), իսկ հիմա արդեն բարելավել ենք մեր դիրքերը: Հիմա մեր առջեւ կոնկրետ հորիզոնական զբաղեցնելու խնդիր չկա: Կփորձենք մյուս մրցաշրջանի համար ամուր թիմ կառուցել եւ հասկանալ, թե որ ֆուտբոլիստներն են մնալու մեզ հետ եւ որոնք հեռանալու: Մյուս մրցաշրջանի համար կլինեն նաեւ նոր խաղացողներ:
-Կա՞ն ֆուտբոլիստներ, որոնց, այսպես ասած, ունեք Ձեր աչքի տակ եւ պատրաստվում եք ձեռք բերել առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում:
-Հայաստանում խաղացող ֆուտբոլիստները ունեն պայմանագրեր, եւ դա մեզ համար խնդիր է առաջացնում բանակցություններ սկսելու համար, այդ պատճառով մենք մեր ուշադրությունը սեւեռում ենք արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների վրա: Նորմալ ֆուտբոլիստներն էլ բավականին գումարներ են պահանջում: Այս պահին կոնկրետ խաղացողի անուն չեմ կարող նշել, սակայն մեկ բան հստակ է. ձեռք բերված ֆուտբոլիստները չպետք է լինեն այնպիսին, ինչպես այսօր է, որորվհետեւ նրանք շատ ցածրորակ խաղացողներ են. խոսքը լեգիոնականների մասին է: Իհարկե, կան խաղացողներ, որոնցից ես շատ գոհ եմ, եւ նրանց հետ հույսեր կապում եմ:
Մանրամասները` տեսանյութում
Էդմոն Մարտիրոսյան, Հովսեփ Հովսեփյան