Դատավորին պա՞րտքն էին վերադարձրել, թե՞ կաշառք տվել. ինչ ցուցմունք է նա տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ կաշառքի գործով կալանավորվեց Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դատավորը չի ընդունում մեղադրանքը եւ իրավապահներին հայտնել է, որ դա կաշառք չի եղել, այլ փաստաբանը իրեն պարտք է եղել եւ պարտքն է վերադարձրել:

Այսպիսով, ՀՔԾ-ն Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանին մեղադրանք է առաջադրել, որ նա ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանի օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք: Ըստ առաջադրված մեղադրանքի` դատավորն իր վարույթում քննվող քաղաքացիական գործով հայցվորի օգտին գործողություն կատարելու, այն է` վերջինիս 3.4 մլն ՀՀ դրամ պետական տուրքը վճարելուց ազատելու դիմաց 2019թ. մարտի 4-ին նրանից պահանջել է առանձնապես խոշոր չափերի` 1 միլիոն 715. հազար դրամին համարժեք 3500 ԱՄՆ դոլար կաշառք:

Քաղաքացու հետ սակարկելու արդյունքում Գ. Հեբոյանը նրա հետ վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերել` հիշյալ գործողությունը կատարելու դիմաց 1.225.000 ՀՀ դրամին համարժեք 2500 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու վերաբերյալ: Խուսափելով կաշառքի առարկան անձամբ վերցնելուց եւ բացահայտվելուց` դատավորը դիմել է իր ծանոթ փաստաբանի օժանդակությանը. 2019թ. մարտի 27-ին հիշյալ քաղաքացին ԱԱԾ-ի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում 2500 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը տվել է փաստաբանին, որը նույն օրը այն փոխանցել է դատավորին: Արդյունքում դատավոր Հեբոյանը կալանավորվել է: Նախաքննությունը շարունակվում է:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել է, որ դատավորին ձերբակալելու օպերացիան եղել էր Բջնի ճանապարհին. իրավապահները նրա մեքենան կանգնեցրել ու այդտեղից բերման էին ենթարկել:

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել այս գործով: Մասնավորապես, 2018 թվականի ապրիլի 3-ին դատարան է դիմել Բենիկ Հարությունյանը` ընդդեմ իր եղբոր` Օնիկ Հարությունյանի: Բենիկ Հարությունյանը հանդիսանում է «Լուսակերտի Հարություն թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ի հիմնադիրներից, նրա բաժնեմասը կազմում է 26 տոկոս:

Այսպիսով, հայցվոր Հարությունյանը դատարանին հայտնել է, որ «Լուսակերտի Հարություն թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ի 74 տոկոս բաժնեմասի սեփականատեր եւ 2009-2013թթ. գործադիր տնօրեն Օնիկ Հարությունյանը եւ 2013-2014թթ. գործադիր տնօրեն Սեյրան Առաքելյանը հայցվորին անհայտ հանգամանքներում ձեռք են բերել «Լուսակերտի Հարություն թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ի ակնհայտ կեղծ կանոնադրություն, որը չի քննարկվել եւ հաստատվել «Լուսակերտի Հարություն թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ի մասնակիցների ընդհանուր ժողովում:

2009-2013թթ. ընթացքում պատասխանողները, օգտվելով այն հանգամանքից, որ Բենիկ Հարությունյանն առողջական լուրջ խնդիրներ ունենալու պատճառով հնարավորություն չի ունեցել մասնակցելու «Լուսակերտի Հարություն թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ի աշխատանքներին, ՀՀ օրենքների եւ «Լուսակերտի Հարություն թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ի կանոնադրության պահանջների խախտումներով կնքել են թվով չորս փոխառության պայմանագրեր:

Այդ փոխառության պայմանագրերը կնքվել են առանց հարցը «Լուսակերտի Հարություն թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ի մասնակիցների հետ ընդհանուր ժողովում քննարկելու: Դատական նիստի ժամանակ հայցվոր Բենիկ Հարությունյանը պնդել է իր հայցը բավարարել, ինչպես նաեւ միջնորդել է դատավոր Հեբոյանին հայցը մերժելու դեպքում իրեն ազատել պետական տուրքի վճարումից:

Դատավոր Հեբոյանը լսել է բոլոր կողմերին, անգամ` պատասխանողների առարկությունները, եւ շուրջ մեկ տարի տեւած քննությունից հետո` մարտի 18-ին, կայացրել է որոշում, այն է՝ ընդդեմ Օնիկ Հարությունյանի, Հարություն Հարությունյանի եւ Սեյրան Առաքելյանի` երրորդ անձ «Լուսակերտի Հարություն թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ի փոխառության պայմանագրերը, հաշտության համաձայնագիրը, լիազորագիրն անվավեր ճանաչելու, որպես անվավերության հետեւանք սեփականության իրավունքը ճանաչելու եւ գումարի բռնագանձման պահանջների մասին Բենիկ Հարությունյանի հայցը մերժել:

Մինչ այդ նկատենք, որ դատավոր Հեբոյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, եւ իրավապահներին հայտնել է, որ դա կաշառք չի եղել, այլ փաստաբանն իրեն պարտք է եղել եւ վերադարձրել է պարտքը: Կկարողանան արդյոք իրավապահներն ապացուցել մեղադրանքը` ցույց կտա ժամանակը: Ամեն դեպքում, նկատենք, որ հիմնականում կաշառք վերցնող անձինք հենց այդպես են փորձում արդարանալ` ասելով, որ իրենց վերադարձրել են պարտքը:

Քնար Մանուկյան




Լրահոս