«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր, գրականագետ Թագուհի Ղազարյանը:
-Տիկի՛ն Ղազարյան, շատ խոսվեց այն մասին, որ կառավարության ծրագրի կանխատեսելիությունը թույլ է, փոխարենը ծրագիրը հղում է անում սոցիալ-արժեքային վերափոխությանը, քաղաքական կամքին եւ վստահությանը: Ծրագրի հայեցակարգը, լեզուն համարժե՞ք են տնտեսական հեղափոխության առանցքում դրվող տնտեսական ակտիվիստի մտածողությանը, այդ լեզուն կկարողանա՞ ձեւավորել տնտեսական ակտիվիստ:
-Ինչ վերաբերում է լեզվին, այսինքն` այն թվային չէ, պլանային չէ, այլ ավելի հայեցակարգային է, ինչը որ ինձ համար ընդունելի է այնքան, որքան որ ծրագրի չափորոշիչներ, որպես այդպիսին, չկան` ի տարբերություն գործողությունների պլանի կամ բյուջեի կատարման, որտեղ ավելի հստակ են չափորոշիչները: Հայեցակարգային իմաստով ծրագիրը ամբողջությամբ բխում էր իմ եւ քաղաքական թիմի արժեհամակարգից, աշխարհայացքից, սկզբունքներից: Դուք ճիշտ եք ասում, որ այնտեղ արժեքային բաները ավելի շատ են, չափելիությունը այստեղ արժեհամակարգային չափելիություն է: Մեր քաղաքական թիմի արժեհամակարգի, սկզբունքի հիմքում դրված է մարդը, երջանիկ անհատը, որը հեղափոխության օրակարգից էր գալիս: Գործող անձը` որպես ինքնիշխան մարմին, անհատն է, եւ պատասխանատուն այդ գործողության արդյունքի շարունակում են մնալ կառավարությունը եւ քաղաքական մեծամասնությունը: Վարչապետը շատ լավ ձեւակերպեց ինքն իր մասին` ասելով` պարտության համար պատասխանատվությունը ես վերցնում եմ ինձ վրա, իսկ հաղթանակը բոլորինդ է, ինչն ինձ` որպես պատգամավորի, ստիպում է, քվեարկել եւ իր վրա դնել այդ պատասխանատվությունը: Եթե Դուք նկատել եք, ամենասուր, ամենահամակարգային հարցադրումները «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներն էին տալիս վարչապետին: Անկախ նրանից, թե որքան է այդ փաստաթղթի ֆիքսվածության աստիճանը` մենք վերցնում ենք այդ պատասխանատվությունը: Տնտեսական ակտիվիստի լեզուն ես դեռ չեմ լսել, հավանականորեն դա պիտի լինի հաշվետվություն պահանջող, վերահսկող մեկը ոչ միայն հդմ վերցնելու, այլեւ տնտեսական քաղաքականության տեսանկյունից:
-Ծրագրում նշված է հանքարդյունաբերության, որ մեզ մոտ հիմնականում մետաղական է, եւ գյուղատնտեսության զուգահեռ զարգացման, ներդրումների առաջնահերթության եւ դատարանի շրջանցմամբ սեփականության բռնագրավման մասին: Ծրագրային այս հակասականությունը կփորձե՞ք մեկնաբանել:
-Հանքարդյունաբերության զարգացումը ես պատկերացնում եմ հանքարդյունաբերության ոլորտի որակի բարձրացման տեսքով, այսինքն` ամենաբարձր ստանդարտներին համապատասխանեցնելու, ոչ թե ամեն քայլափոխի նոր հանքեր բացելու տեսքով, ինչը շրջակա միջավայրի վրա նվազագույն բացասական ազդեցություն կունենա, նաեւ գյուղատնտեսության վրա իր բացասական հետեւանքների նվազեցումը: Ինչ վերաբերում է դատաիրավական ոլորտին, ինձ շատ կոմպետենտ չեմ համարում լիարժեք պատասխանելու: Այդ մասին խոսվեց Ազգային ժողովում, որ ինչ-որ պրակտիկա կա արդեն Եվրոպայում` առանց պատասխանատվության ենթարկելու վերադարձի պրակտիկան: Կառաջարկեի մեր իրավաբանների հետ խոսել:
-Ծրագրի 4-րդ կետի 2-րդ ենթակետը վերնագրված է «Աղքատության հաղթահարումը, սոցիալական պաշտպանությունը եւ ժողովրդագրությունը»: Աղքատության հաղթահարում որեւէ երկրում նույնիսկ տեսականորեն հնարավոր չէ. այն կարելի է միայն նվազեցնել: Կարեւոր խնդրի շուրջ ձեւակերպումների այս անփութությունը ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Ես ենթադրում եմ, որ երբ ծրագիրը կազմողները, որ Սոցապ նախարարությունը պիտի որ կազմեր, նշում են աղքատության հաղթահարում, ուրեմն տեսականորեն պատկերացնում են հնարավորությունը: Հաշվետվությունը արդեն 5 տարի հետո թե որքան հաղթահարված կլինի, կտեսնենք:
-Վերջերս ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան վերանշանակվեց Էդիկ Մինասյանը. ընթացքի մեջ գտնվող մարտիմեկյան դատական գործի սկզբունքորեն հակառակ մեկնաբանությամբ նրա դասագիրքը ներառված է ֆակուլտետի ակադեմիական կրթական ծրագրում: Ի՞նչպես հասկանալ այս խզումը:
-ԵՊՀ-ն հիմնադրամի կարգավիճակ ունի, ինքնակարգավորվող է, ինքնաֆինանսավորվող է, չնայած որ քաղաքականությունը մշակվում է Կրթության նախարարության կողմից, այնուամենայնիվ ռեկտորին խորհուրդն է ընտրում: Ես ուզում եմ, ի վերջո, հասկանալ` մենք ցանկանում ենք օրենքի՞ շրջանակում գործել, թե՞ լավ արարքի տրամաբանության: Ես մտածում եմ, որ անխուսափելի առողջացման պրոցես է: Դուք կասեք` ինչպես է առողջացման պրոցես վատ կադրին վերանշանակելը, ես կասեմ, որ ինքնակառավարման, համակարգի կայացման տեսակետից առողջացման պրոցես է: Ես կառավարության փաստաբանը չեմ դառնա, քանզի կառավարության վերահսկողն եմ: Գիտեմ, որ ծրագրերի վերանայման գործընթացը սկսել է` թե՛ դպրոցական, թե՛ բուհական: Եթե այնտեղ կա չափորոշիչ պատմության, այդ հարցը ինքնըստինքյան կլուծվի` ըստ այդ չափորոշչի վերանայման: Հարցն այն է, թե որքանով է ճիշտ կառավարական լծակ ունեցող մարդու կողմից ակադեմիական աշխատանք կատարող մարդուն գնահատականներ տալը: Այստեղ ուրիշ դաշտի խնդիր է: Մենք փորձում ենք մեծացնել ինքնավարությունը` չմիջամտելով ու չխանգարելով այն օղակներում, որտեղ մենք իրավականորեն միջամտելու իրավունք չունենք: Եթե մենք ունենում ենք կրթական ծրագրերի մշակում, դա պետք է ընդհանուր ռազմավարություն լինի դպրոցականի եւ բուհականի համար: Բուհական կրթության համար դասագիրքը լավագույն տարբերակը չէ, կարծում եմ. պետք է աղբյուրագիտական ուսումնասիրություններ տրվեն ուսանողներին:
Զրուցեց ՄԱՐԻԱՄ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
ԱՀՌԵԼԻ ՄԻՋՈՑՆԵՐ` ԱՐԴԱՐԱՑԻ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ՀՀ կառավարությունը արդարադատության նախարարությանը կհատկացնի 8200 եվրոյին համարժեք դրամ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Մարտիրոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2 դիմումատուներից յուրաքանչյուրին պետք է վճարի 2400 եվրո` ընդհանուր առմամբ 4800 եվրո վճռով սահմանված արդարացի հատուցման համար: Ի դեպ, դիմումատուները գավառցի եղբայրներ են: Տեղեկացնենք, որ 2009 թվականին Գավառի բնակիչներից մեկը ոստիկանությանը հաղորդել է, թե երեկոյան փողոցներից մեկում մեքենայից ինչ-որ մեկը կրակել է իր մեքենայի վրա, որի հետեւանքով նրա որդին եւ նրա ընկերը ստացել են հրազենային վնասվածքներ: Սպանության փորձ կատարելու եւ ապօրինի կերպով զենք պահելու առիթով հարուցել է քրեական գործ: 2010 թվականի հոկտեմբերի 26-ի վճռով` մարզային դատարանը դիմումատուներին մեղավոր է ճանաչել խուլիգանության համար: 2011 թվականի մարտի 4-ին վարույթը վերսկսվել է, եւ գործը հանձնվել է Հատուկ քննչական ծառայությանը: Իսկ 2011 թվականի մարտի 14-ին դիմումատուները կալանավորվել են, եւ նրանց դեմ մեղադրանք է առաջադրվել: Դիմումատուն բողոքել է, որ դատական քննության ժամանակ իրենց չի տրվել տուժողին եւ վկաներին խաչաձեւ հարցաքննելու հնարավորություն: Եւ ըստ ՄԻԵԴ-ի` դիմումատուների այս պնդումները բավարար են, որպեսզի դատարանը եզրակացնի, որ տվյալ գործում խախտվել է նրանց արդար դատաքննության իրավունքը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մյուս` «Դադայանն ընդդեմ Հայաստանի» գործով ՀՀ կառավարությունը դիմումատուին պարտավոր է վճարել 3400 եվրո: Այս դեպքում քրեական գործ էր հարուցվել հարստացված ուրանի Վրաստան մաքսանենգության հատկանիշով: Երկու մաքսանենգները դատապարտվել են Վրաստանում, իսկ Դադայանը` Հայաստանում` ըստ էության, վրացական իշխանություններին տված վկայությունների հիման վրա: Ըստ ՄԻԵԴ-ի` Դադայանի պաշտպանության իրավունքը զգալիորեն տուժել է, քանի որ հայկական դատարանը երբեւէ չի լսել մաքսանենգներին: Վրաստանի իշխանությունները հրաժարվել են նրանց Հայաստան տեղափոխել: Մինչդեռ հենց այդ վկաների հայտարարությունները կարող էին դատարանի համար հիմք հանդիսանալ, որպեսզի որոշում կայացվեր` արդյոք Դադայանը ներգրավվել է ռադիոակտիվ նյութերի վաճառքի մեջ, թե ոչ: ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Հայաստանին վճարել Գագիկ Դադայանին 2400 եվրո` ոչ նյութական վնասի համար, եւ 1000 եվրո` դատական ծախսերի փոխհատուցման համար:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԱԶԱՏԱՄՈՒՏԸ` ՔԱՂԱ՞Ք
Ազատամուտը հիմնադրվել է 1970թ. որպես Իջեւանի բենտոնիտ կոմբինատի բանվորական ավան: Բնակավայրը Ադրբեջանի սահմանից ընդամենը 3.5 կմ հեռավորութամբ է գտնվում: 1996թ. Հայաստանի վարչատարածքային բաժանմամբ Հայաստանի բնակավայրերը բաժանվեցին քաղաքների եւ գյուղերի, քաղաքատիպ ավան Ազատամուտը դարձավ գյուղ: Այն ունի բազմաբնակարան 22 շենք, 22 քոթեջ: Ազատամուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Վահագն Ալավերդյանը հայտնեց, որ 3200 բնակիչ ունեցող Ազատամուտի ավելի քան 1000 բնակիչ ստորագրել է դիմումի տակ, որով կառավարությունից խնդրում են բնակավայրին քաղաքի կարգավիճակ շնորհել: Դիմումն արդեն ուղարկվել է կառավարություն: Վ.Ալավերդյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ Ազատամուտը աճելու հեռանկարներ ունի, առկա է 550 աշակերտ, որից 475-ը հաճախում է Ազատամուտի միջնակարգ դպրոց, մնացածները՝ հարեւան Կայանավանի եւ Դիտավանի դպրոցներ: Նա ասաց, որ Ազատամուտը գյուղ չի կարող համարվել, քանի որ գյուղատնտեսական նշանակության հողեր չունի: Ազատամուտի ամբողջ տարածքը կազմում է 43 հեկտար, որտեղ էլ տեղակայված են բազմաբնակարան շենքերը, քոթեջները, այլ կառույցներ: Համայնքի ղեկավարի պաշտոնակատարի խոսքերով՝ Հայաստանում քաղաքներ կան, որոնց բնակչությունն ավելի փոքր է, քան Ազատամուտինը:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ
Համակարգված աշխատանքներ են սկսվել ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումներում օրվա մեջ որոշակի ժամերին առաջացող հերթերն առավելագույնս նվազեցնելու ուղղությամբ: Ոստիկանությունը ՀՀ կառավարության քննարկմանը կներկայացնի մեկ իրավաստեղծ եւ մեկ կազմակերպչական բնույթի առաջարկություն: Առաջարկվելու է հետեւյալը. այն դեպքերում, երբ տրանսպորտային միջոցի տվյալներն առկա են գրանցման-քննական ստորաբաժանման էլեկտրոնային ռեգիստրում, ապա տրանսպորտային միջոցի հաշվառման գործողություններն իրականացնել առանց տրանսպորտային միջոցը ստորաբաժանում ներկայացնելու պահանջ քաղաքացուն ներկայացնելու, ծրագրային-տեխնիկական հնարավորություն ստեղծել գործարքի կողմերի համար գործարքն իրականացնել համացանցում` առանց ՃՈ ներկայանալու:
ԿՀԱՆԴԻՊԻ
Արմեն Տեր-Սահակյանը եւ փետրվարի 12-ից հացադուլ հայտարարած Արմեն Խաչիկյանը չեն դադարեցրել հացադուլը: Ըստ ՔԿՀ-ի` Ա. Տեր-Սահակյանը պահանջում է հանդիպում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ, որը դեռ չի այցելել դատապարտյալին: ՀՀ ԱՆ փոխանցմամբ` Ա. Զեյնալյանը պարբերաբար այցելություններ է կատարում ՔԿՀ-ներ եւ տեսնվում իր հետ հանդիպման ցանկություն ունեցող բոլոր դատապարտյալների հետ: «Նուբարաշեն» ՔԿՀ կատարվող հերթական այցի ընթացքում նախարարը կհանդիպի նաեւ ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանին: