Սերժ Սարգսյանը կփորձի ապացուցել «եթե մենք վատն էինք, ապա նորերը մեզանից բեթար են» թեզը․ խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես որ մարդն անսխալական չէ  այնպես էլ գաղափարի շուրջ հավաքված բազմաթիվ սխալական մարդկանց խմբավորումը՝ կուսակցությունը: Մահաթմա Գանդին հայտնի խոսք ունի. «Ազատությունը ոչինչ չարժե, եթե չի ներառում նաեւ սխալվելու ազատությունը»:

Առաջին նախագահ Լեւոն ՏերՊետրոսյանն, օրինակ, երբ 1998թ.-ին հեռացավ նախագահի պաշտոնից, իր հրաժարականի ելույթը եզրափակեց «Եթե արել եմ ինչ-որ լավ բան, չեմ ակնկալում որեւէ երախտագիտություն, չարածիս ու սխալներիս համար հայցում եմ ձեր ներողամտությունը» տողով։ Նա շուրջ 10 տարի հաշված անգամներ է մասնակցել հանրային որեւէ միջոցառման եւ մինչեւ 2007թ.-ի աշուն, երբ տրվեց բազմամարդ հանրահավաքների մեկնարկը, եւ ձեւավորվեց ՀԱԿ-ը, հաշվված անգամներ է մասնակցել հանրային որեւէ միջոցառման՝ պահելով «լռության ուխտը»:

Կասկածում ենք, որ խոհեմ քաղաքական գործչի համբավ ունեցող առաջին նախագահը կվերադառնար քաղաքականություն, եթե վստահ չլիներ, որ հասունացել է իր վերադարձի հանրային պահանջը: Երբ մեկ տարի առաջ հրաժարական տված ՀՀԿ նախագահ եւ վաչապետ Սերժ Սարգսյանը հայտարարեց իր ամենահայտնի ֆրազը՝ «ճիշտ էր Նիկոլ Փաշինյանը, ես սխալվեցի», նրա այս խոսքերը հենց իրենք՝ ՀՀԿ-ականները, որպես պետականամետ ու խոհեմ
գործչի քայլ որակեցին՝ նկատի ունենալով «Մարտի 1»-ը չկրկնելու, իշխանությունը ուժով ու արյամբ չպահելու որոշումը:

Շուտով կլրանա խոհեմության «մաստեր կլասս»-ի հեղինակի հրաժարականի մեկ տարին, եւ ինչպես օրերս ազդարարեց Արմեն Աշոտյանը, մոտենում է Սերժ Սարգսյանի խոսելու ժամանակը՝ կուտակված հարցերին տրվելիք կուտակված ասելիքով: Բայց այստեղ կարեւոր է մեկ այլ հարց. կա՞ Սերժ Սարգսյանի ելույթի կամ որեւէ ֆորմատով հանդես գալու հանրային պահանջը, արդյոք հասարակությունն անցած մեկ տարվա ընթացքում հասցրե՞լ է ներել
նախկին իշխանության՝ 10 եւ ավելի տարիների կառավարման սխալներն ու բացթողումները, եւ ի՞նչ նոր ու դարակազմիկ խոսք պետք է ասի նախկին նախագահը, որպեսզի կարողանա «յուղել» հասարակության սիրտը եւ միաժամանակ «դաղել» նոր իշխանության մատները:

Իհարկե, այս ողջ ընթացքում ՀՀԿ-ի երիտթեւը, մոռանալով կամ չտեսնելու տալով սեփական աչքի գերանները, զբաղված է իշխանության աչքերում գերաններ փնտրելու եւ «սիրուց կուրացած» հասարակության աչքերը այդ «գերանների» վրա բացելու գործով, որի ակնհայտ նպատակը ռեւանշի հասնելն է, ոչ այնքան պետության նկատմամբ սրտացավությունը, որքան «եթե մենք վատն էինք, ապա նորերը մեզանից բեթար են» թեզն ապացուցելը: Երեւի հենց այս՝ դեռեւս չապացուցված թեզի շուրջ էլ լինելու է Սարգսյանի առաջիկա ելույթը:




Լրահոս