Ս.թ. ապրիլի 9-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Ա. Գ. Վանեցյանն ընդունեց ԱՊՀ մասնակից պետությունների Հակաահաբեկչական կենտրոնի պատվիրակությանը՝ Կենտրոնի ղեկավարի տեղակալ գեներալ-մայոր Ս. Գ. Դուդկոյի գլխավորությամբ, որը ժամանել է շտաբային բանակցությունների անցկացման նպատակով՝ Հայաստանի Հանրապետությունում ս.թ. սեպտեմբերին նախատեսվող` ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների՝ «Արարատ-Անտիտեռոր-2019» համատեղ հակաահաբեկչական վարժանքի նախապատրաստման շրջանակներում: Վարժանքին մասնակցելու են ԱՊՀ մասնակից պետությունների հատուկ ծառայությունները, 102-րդ ռուսական ռազմական բազան, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարություններն ու գերատեսչությունները:
Կայացած հանդիպման ընթացքում կողմերը փոխանակեցին կարծիքներ՝ ԱՊՀ մասնակից պետությունների սահմաններին ձևավորվող իրավիճակի և Սիրիայում ու Իրաքում միջազգային ահաբեկչական կազմակերպությունների կողմից կրած լուրջ կորուստների հետևանքով վերջիններիս ռազմավարությունում տեղի ունեցած փոփոխությունների պատճառով ի հայտ եկող արդի սպառնալիքների վերաբերյալ: Բացի այդ քննարկվեցին ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների առջև ներկայիս փուլում կանգնած ծրագրերն ու խնդիրները:
Կողմերը նշեցին նաև ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների դեմ պայքարի ոլորտում ՀՀ ԱԱԾ-ի և ԱՊՀ ՀԱԿ-ի միջև փոխգործակցության բարձր մակարդակը: