Վերջերս ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ ստացվեցին, որ մի խումբ անձինք ստեղծել են կազմակերպված կայուն խումբ և կատարում են գողություններ:
Հանցավոր խմբին բացահայտելու, հանցափաստում մերկացնելու և խմբի բոլոր անդամներին հայտնաբերելու համար ձեռնարկվեցին ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:
Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից, սահմանվեց շուրջօրյա հսկողություն, ճշտվեց խմբի անդամների ինքնությունը, կազմակերպվեցին դարանակալումներ: Կասկածյալների գործողությունները գիշերային ժամերին հետևելու և արձանագրելու համար օգտագործվեցին նաև տեխնիկական հատուկ միջոցներ և գիշերային տեսանկարահանող սարքեր:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվեցին մի շարք հանգամանքներ: Հանցավոր խմբի անդամները հիմնականում հանդիպում էին Էրեբունի վարչական շրջանի Արցախի, Աթոյան, Դիմիտրովի և Էրեբունու փողոցներում:
Հանդիպումից հետո կասկածյալները նստում էին խմբի անդամներից որևէ մեկի մեքենան և շարժվում Արին Բերդի 3 հասցեի ուղղությամբ:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումները չձախողելու համար որոշում կայացվեց միջոցառումներն իրականացնել հաջորդ օրը, քանի որ տեղեկություններ կային, որ հաջորդ օրը նույնպես խումբը գնալու է հենց այդ ուղղությամբ:
Հաջորդ օրը ոստիկանները Արին Բերդի փողոցի ուղղությամբ տեղադրեցին տեսախցիկներ՝ հանցավոր խմբի շարժին հետևելու համար, կազմակերպվեցին նաև դարանակալումներ:
Ինչպես երևում է կադրում՝ մեքենայից իջնելուց հետո խումբը շարժվում է դեպի Երևանի ջերմաէլեկտրակայանի տարածք: Րոպեներ անց վերադառնում են պարկերով ու հեռանում:
Այս գործողությունից հետո կասկածյալները պարկերը տեղափոխում էին Սարի թաղի տներից մեկը, իսկ հաջորդ օրն առավոտյան, բեռնափոխադրման մեքենայով տանում էին մետաղի ընդունման կետ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ հանցավոր խումբը Երևանի Ջերմաէլեկտրակայանի տրանսֆորմատորից գողանում էր պղնձե փաթույթներ և գողոնն իրացնում մետաղի ընդունման կետում: Ի դեպ, ըստ նախնական տվյալների, գողոնն ամեն անգամ կազմում էր շուրջ 1 տոննա:
Հարուցվեց քրեական գործ գողության հատկանիշներով:
Մանրամասները` տեսանյութում: