ՀԱՐՑ. Ինչպե՞ս կարող եմ փոխել սոցիալական փաթեթի իմ հաշիվը: Խնդրում եմ ներկայացնել մանրամասն:
Գրիգոր Հարությունյան (41 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ յուրաքանչյուր բյուջետային տարվա սոցիալական փաթեթի գումարների փոխանցման համար լրացվում է նոր դիմում: Սոցփաթեթի հաշիվը կարելի է փոխել միայն նոր բյուջետային տարում` նախքան սոցիալական փաթեթի ընթացիկ տարվա առաջին գումարի փոխանցումը: Այս դեպքում աշխատողը դիմումի հետ միասին ներկայացնում է նոր բանկի կողմից տրված սոցփաթեթի հաշվի մասին տեղեկանք, ինչպես նաեւ սոցփաթեթի նախկին հաշիվը սպասարկող բանկից տեղեկանք` պարտավորություններ չունենալու վերաբերյալ: Սոցփաթեթի հաշիվը փոխելու դեպքում աշխատողն իր հաշվի դրամական միջոցները սոցփաթեթի հաշիվը սպասարկող նախկին բանկից սոցփաթեթի հաշիվը սպասարկող նոր բանկ փոխանցելու համար նախկին բանկ է ներկայացնում նոր բանկի կողմից տրված սոցփաթեթի հաշվի մասին տեղեկանք: Այդ տեղեկանքի հիման վրա սոցփաթեթի հաշիվը սպասարկող նախկին բանկն աշխատողի սոցփաթեթի հաշվում առկա դրամական միջոցները փոխանցում է սոցփաթեթի հաշիվն սպասարկող նոր բանկի սոցփաթեթի հաշվին:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ սոցիալական փաթեթի հաշվում առկա դրամական միջոցները հնարավոր է կանխիկացնել կամ փոխանցել ցանկացած ուղղություններով միայն աշխատողի կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու եւ սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման ժամանակ (երբ դադարում է նրա` սոցիալական փաթեթ ստանալու իրավունքը, եւ նրա սոցփաթեթի հաշվին առնվազն երեք ամիս սոցիալական փաթեթի գումարների փոխանցումներ չեն կատարվել) կամ աշխատողի մահվան դեպքում ժառանգի կողմից սոցփաթեթի հաշվում առկա միջոցներն օրենքին համապատասխան ժառանգաբար նրան անցնելու դեպքում:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: