ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի և կից ներկայացված նախագծերի փաթեթին: Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 71 կողմ և 40 դեմ ձայներով:
«Օպտիմալացման շնորհիվ մենք ուզում ենք ավելի քիչ ռեսուրսներով հասնել ավելի շատ արդյունքի, ավելի քիչ ռեսուրսներով հասնել ավելի մեծ արդյունքի»,- նշեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Նախարարն անդրադարձավ նաև Ազգային անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունը նախարարություններ դարձնելու Նիկոլ Փաշինյանի խոստումներին:
«Մենք՝ իրավապաշտպաններս ու իրավաբաններս, գիտենք, որ կարծիքի ազատության իրավունքը ներառում է նաև կարծիքը ազատորեն փոխելու իրավունքը: Հանգամանքների փոփոխության պատճառով կարող է ձևավորվել նոր կարծիք: Սրանով մենք փաստում ենք մեր ժողովրդավարությունը և կոլեգիալ կառավարումով առաջնորդվելու պատրաստակամությունը»,- ասաց Զեյնալյանը:
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի և կից ներկայացված նախագծերի փաթեթին դեմ քվեարկեցին ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները:
Նախագծի ամբողջական ընդունման դեպքում նոր կառավարությունը կունենա հետևյալ նախարարությունները.
Արտաքին գործերի նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Արտակարգ իրավիճակների նախարարություն
Արդարադատության նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Կրթության, գիտության և մշակույթի նախարարություն
Բնապահպանության նախարարություն
Առողջապահության նախարարություն
Ֆինանսների նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 8-ին հայտարարել էր, որ Սփյուռքի նախարարության փոխարեն այսուհետ կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն վարչապետի աշխատակազմում: Հանձնակատարը կլինի վարչապետի ներկայացուցիչը Սփյուռքի հետ հարաբերություններում եւ վարչապետի անունից կհամակարգի կառավարության աշխատանքները սփյուռքի հետ հարաբերություններում: