Ճանաչել չափը
Վերջին առնվազն երկու տասնամյակի ընթացքում խորհրդարանական ընդդիմության որակի եւ բնույթի մասին տարատեսակ որակումներ են տրվել՝ «գրպանային», «պսեւդո», «աչքաչափով քննադատող»…:
Նման պիտակումների պատճառներից մեկը, թերեւս, այն է, որ նախկին գրեթե բոլոր խորհրդարանները ձեւավորվել են ոչ թե բացառապես ընտրողի քվեի միջոցով, այլ քաղաքական կյանքի «ջոյստիկն» իր ձեռքում պահող, տոկոսներ խփող ու բաշխող Բաղրամյան 26-ի քմահաճույքով: 2018թ.-ի արտահերթ ԱԺ ընտրություններին ընդառաջ օրնիբուն շեփորահարվում էր, թե Փաշինյանին օդի պես հարկավոր է լինելու ուժեղ ընդդիմություն, որը «դուխով» կքննադատի իշխանությանն ու չի վախենա հակահեղափոխականի պիտակավորում ձեռք բերել: Ռեւանշի ձգտող նախկին իշխանականներն, օրինակ, պնդում էին, որ արմատական ընդդիմություն կարող են լինել բացառապես իրենք, եւ հեգնում էին ընդդիմության էստաֆետի համար կռիվ տվող հայտնի ուժերին, որոնք իրենց՝ նախկինների օրոք հասցրել էին «օպոզիցիա աշխատել»: Անհերքելի է, որ մրցակցային քաղաքական համակարգերում ընդդիմություն ունենալը խիստ ցանկալի է, իսկ այ որակյալ ու կոնստրուկտիվ ընդդիմություն ունենալը՝ ճոխություն:
Այդպիսի ընդդիմությունն է, որ կարող է ոչ միայն երաշխավորել քաղաքական համակարգի ճկությունն ու դինամիկան, այլ իր աշխատանքի որակով ու դավանած արժեհամակարգով էտալոնի դեր ստանձնել իշխանության համար, հատկապես, որ ունի ժողովրդի տված` արդար մանդատը: Սակայն այսօր ունենք ունիկալ պայմաններում աշխատող մի ընդդիմություն, որի հիմնական առաջնահերթությունը, դատելով մոտ 4 ամիսների գործունեության հռետորաբանությունից, ապացուցելն է, որ ինքը ոչ թե կեղծ ու գրպանային, այլ «լիցենզավորված» ընդդիմություն է, սակայն որի գերխնդիրը ոչ թե իշխանությանն այլընտրանք դառնալն է, այլ վերջինիս վստահության պաշարը մաշեցնելը, ժողովրդին «լսցնելը», որ իշխանությունը չի կատարել տված խոստումները, չի աշխատում, ապաշնորհ է, մի խոսքով՝ խաբում ու «քցում է» իրեն:
Իրավիճակն ունիկալ է նաեւ այն առումով, որ մի կողմից հնչող որոշ քննադատություններ թեեւ տեղին են ու փաստարկված, սակայն համոզիչ թվալու համար մատուցվում են այնպես, ինչպես նախկին իշխանության օրոք էր՝ կռվազանի ու նեղացկոտի դիրքերից, օպոնենտին կսմթելու ու նվաստացնելու միտումով: Նման կեցվածքը, վստահաբար, ոչ միայն պատիվ չի բերում որեւէ մանդատավորի, այլեւ թունավորում է կոնստրուկտիվ աշխատանքի մթնոլորտը: Այնպես որ, խորհրդարանական ուժերը ոչ միայն անելիքը հստակեցնելու, այլեւ ասելիքի հարցում իրենց «չափը ճանաչելու» փնտրտուքներում են: