ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 58 համարի երթուղային ավտոբուսում հափշտակել է քաղաքացու դրամապանակը, իսկ գողացված բանկային քարտով՝ գումար կանխիկացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու՝ գողացված քարտով կանխիկացման գործարք առերևույթ կատարած անձի ինքնությունը։

Նախնական տվյալներով՝ 2019թ. փետրվարի 14-ին՝ ժամը 13:20-ից մինչև 13:45-ն ընկած ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում, 58 համարի երթուղային ավտոբուսի սրահում, հափշտակել է քաղաքացու դրամապանակը, որի մեջ եղել է գումար, բանկային քարտեր, նույնականացման քարտ: Նույն օրը գողացված բանկային քարտով կատարվել է կանխիկացման գործարք՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի և 324-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննություն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում:

Նույն օրը ստացվել է բանկոմատի անվտանգության տեսախցիկների` գողացված բանկային քարտով կատարված գործարքի տեսագրությունը, ենթարկվել զննության:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Խնդրում ենք նշված տղամարդուն ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին:




Լրահոս