Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ապրիլի 22-ին ընդունել է Արցախում փայտամշակման արտադրությամբ զբաղվող մի խումբ ձեռներեցների:
Ողջունելով ներկաներին՝ պետական նախարարը նշել է, որ հանդիպման նպատակն է կառուցողական քննարկման միջոցով վեր հանել ոլորտում առկա խնդիրները՝ կապված ինչպես արտադրանքի արտահանման, այնպես էլ տեղական պահանջարկի բարելավման հետ:
Փայտամշակող ընկերությունների ներկայացուցիչները պետական նախարարին են ներկայացրել ոլորտում առկա խնդիրները և հանդես եկել դրանց լուծման հնարավոր առաջարկություններով: Հանդիպմանը արծարծվել են նաև բնավճարների, հարկային օրենսդրությանը վերաբերող հարցեր:
«Մենք հնարավորինս սեղմ ժամկետում կքննարկենք ձեր կողմից բարձրացված խնդիրներն ու առաջարկությունները, որից հետո փոխադարձ ընդունելի տարբերակները կներկայացնենք ձեզ: Սակայն, մինչ այդ, հորդորում եմ՝ այսուհետ ևս ձեր աշխատանքներում առաջնորդվեք գործող կարգերի համաձայն», – իր խոսքում նշել է պետական նախարարը:
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը, ԱՀ Բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարար Ֆելիքս Գաբրիելյանը և պատասխանատու այլ անձիք: