Թեեւ Երեւանի գործող քաղաքապետի կյանքը դժոխքի վերածելու խոստում որեւէ մեկը չի տվել, ինչպես, օրինակ, Զարուհի Փոստանջյանը խոստացավ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ խոսքի տերը եղավ, սակայն, Երեւանի ավագանու Լույս եւ ԲՀԿ խմբակցություններին հաջողվում է դժոխային մթնոլորտ ապահովել ավագանու նիստերի ժամանակ: Այդպիսի տպավորություն ենք ստանում ավագանու անցած մի քանի ամիսների գործունեությունն ի մի բերելով:
Եւ եթե դժոխքն առարկայական դարձնելու համար «Երկիր Ծիրանի»-ի անդամները մի քանի տարա գարշահոտ կոյուղաջուր «հյուրասիրեցին» Տ. Մարգարյանին, ապա ավագանու ընդդիմադիր խմբակցությունները Մարությանին մեկ այլ գարշահոտ թեմայով են պատին դեմ տալիս՝ մասնավորապես պատուհասի վերածված աղբահանության հարցով:
Ճիշտ է՝ նրանք դեռ չեն խիզախել ու կրկնել ԵԾ-ականների կրեատիվ քայլը՝ «մի վագոն» աղբ «հյուրասիրելով» քաղաքապետին, սակայն այնքան են շահարկել այդ թեման, որ վստահ կարելի է պնդել՝ քաղաքապետն ու քաղաքային իշխանությունը կուշտ են այդ թեմայից: Կուշտ են նաեւ երեւանցիները, եւ նրանց, թերեւս, քիչ են հետաքրքրում այն տեխնիկական հարցերը, որոնց հետեւանքով ոչ պատշաճ է կազմակերպվում աղբահանությունը:
Փաստ է, որ քաղաքային իշխանությունը ձեռքերը ծալած չի նստել եւ քայլեր է ձեռնարկում խնդրին լուծում տալու ուղղությամբ: Բայց արդյո՞ք պատշաճ է այն տոնայնությունը, որով ավագանու ընդդիմադիր խմբակցությաններն են անընդհատ հիշեցնում ու բարձրացնում աղբահանության հարցը՝ երբեմն անցնելով բարեկրթության սահմանները, ինչպես, օրինակ, տեղի ունեցավ երեկ՝ ավագանու հերթական նիստի ժամանակ: Այդ հիշոց հիշեցնող հիշեցումներում, ի դեպ, դժվար չէ որսալ այն «կոդերը», որոնք լսելի են նաեւ ԱԺ-ում՝ հիշյալ ուժերը ներկայացնող խորհրդարանական խմբակցությունների ելույթներում: Ըստ այդմ՝ իշխանության մոտ չի ստացվում երկիր կառավարելը, քաղաքային տնտեսություն վարելն էլ՝ վերջինիս խելքի բանը չէ:
Տպավորություն է, թե հատկապես «զիբիլի» թեման անընդհատ մեջտեղ բերելով եւ երեսով տալով՝ ավագանու ընդդիմադիր խմբակցությունները ոչ այնքան շահագրգռած են քաղաքի հիգիենայով, որքան այդ հարցը ծառայեցնում են իշխող ուժի դեմ սեւ քարոզչությանը՝ դրանից բխող հետեւնքներով:
Անշուշտ, պատշաճ աղբահանությունը օրախնդիր է բոլոր համայնքային իշխանությունների համար, եւ դժվար թե գտնվի որեւէ գյուղապետ կամ քաղաքապետ, որին գեղագիտական հաճույք կպատճառի կեղտոտ բնակավայրի կառավարիչ լինելը: Հատկապես մայրաքաղաք Երեւանի քաղաքապետը, կարծում ենք, այդ առումով բացառություն չէ: