Նոր փորձության փուլում ենք. Միհրան Պողոսյանի գործով կծիկը կքանդվի՞. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ 2016թ.-ին ջրի երես դուրս եկավ ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի օֆշորային գործարքների մասին թղթապանակը, շատերը սրտի թրթիռով սպասում էին՝ Սերժ Սարգսյանը «ժերտվա» կտա՞ Պողոսյանին, ինչպես, օրինակ, «մեռած հոգիներին» թոշակավորած Վազգեն Խաչիկյանին, թե՞ կների ու բաց կթողնի:

Այս գործով սկսված վարույթը յուրօրինակ փորձություն էր իրավապահ համակարգի համար. եթե պարզվեր, որ Պողոսյանը կոռուպցիայի շնորհիվ է դիզել իր օֆշորային հարստությունը, ապա դա կպայթեցներ Հայաստանում Ս. Սարգսյանի ղեկավարած կոռուպցիայի դեմ տարվող պայքարի փուչիկը: Եթե պարզվեր, որ Պողոսյանը Ս. Սարգսյանի քթի տակ կոռուպցիայով է զբաղվել, ապա դա շռնդալից ապտակ կլիներ ուժային կառույցներում պատկառելի փորձով երկրի առաջին դեմքին, որն, ի դեպ, պատրաստվում էր իր պաշտոնավարման երրորդ ժամկետին:

Ժամանակն ու հանգամանքները ցույց տվեցին, թե ինչպես հաղթահարվեց փորձությունը. «քարվան կտրած» արդարադատության գեներալ-մայորը կարողացավ ինդուլգենցիա ստանալ, ինչի ապացույցը օֆշորային սկանդալի, իր բնորոշմամբ` «թյուրիմացության» վերաբերյալ հարուցված քրգործի վարույթի կարճումն էր՝ հանցակազմի բացակայության հիմքով, ապա 2017-ին ԱԺ պատգամավորի մանդատ ստանալը: Նկատենք, որ հեղափոխությունից հետո շատերն էին ակնկալում, որ նախկին իշխանության օրոք մեծ աղմուկ հանած, բայց ծածկադմփոցով արխիվ ուղարկված գործերը կվերաբացվեն, այդ թվում եւ` օֆշորային կծիկը:

Ոմանք էլ, տուրք տալով այս գործով չփարատված կասկածներին, հեգնում էին՝ քանի կոպեկ արժի նոր իշխանության հայտարարած կոռուպցիայի դեմ պայքարը, եթե նախկին իշխանության «կոռումպացված պաշտոնյաները», որոնցից մեկին էլ ԴԱՀԿ նախկին պետն է, «շվշվացնելով ման են գալիս» ու հատում են երկրի սահմանը:

Հարգելով պարոն Պողոսյանի անմեղության կանխավարկածը՝ նկատենք, որ երկու տարի անց հիշյալ գործի վերաբացման եւ իրեն որպես մեղադրյալ ներգրավվելու փաստը խոսում է նախկինում իրավապահ մարմինների կատարած աշխատանքի որակի եւ քիչ վերը նշված փորձության հաղթահարված չլինելու մասին:

Այժմ էլ նոր փորձության փուլում ենք. Կարելիայի Հանրապետությունում ռուս իրավապահների կողմից ձերբակալված Պողոսյանը, որն իր դեմ իրականացվող գործընթացը որակում է քաղաքական հետապնդում, դիմել է ՌԴ նախագահին կից հանձնաժոով՝ քաղաքական ապաստան ստանալու հայցով: Թե ինչ որոշում կկայացնի Պուտինին կից հանձնաժողովը լայն կապեր ունեցող հայ պաշտոնյայի վերաբերյալ, դժվար է ասել, բայց նաեւ այդ որոշումից է կախված օֆշորային կծիկի բարեհաջող քանդումը:




Լրահոս