Երեկ կառավարությունում հերթական նիստն էր, որի ավարտից անմիջապես հետո, կարելի է ասել, գործադիրի ներկայացուցիչներն ամեն ինչ արեցին լրագրողների հետ չշփվելու, իրենց շատ «զբաղված» համարելու ու կառավարության շենքը տարբեր անկյուններից լքելու համար: Գործադիրի նոր ներկայացուցիչները եւս սկսել են որդեգրել իշխանությունների վարքագիծը` ետնամուտքերով շենքը լքելու բացառիկ տաղանդը:
Գաղտնիք չէ, որ նախորդ իշխանությունների ժամանակ գրեթե անհնար էր դարձել հարց ուղղել հայրենի նախարարներին, նրանցից ստանալ պատասխաններ: Ավելին` կային նախարարներ, որոնք իրենց մամուլի խոսնակների միջոցով ամեն ինչ անում էին լրագրողների հարցերից խուսափելու, իսկ ավելի ճիշտ կլինի ասել` կառավարության շենքից վայրկյան առաջ ճողոպրելու համար:
Նոր իշխանությունների «գալուց» հետո բոլորը հույս ունեին, որ գործադիրի անդամները չեն կրկնելու նախորդների վարած քաղաքականությունը եւ չեն խուսափելու շփվել լրագրողների հետ, նրանց հարցերին պատասխանել: Երեկ այդ իրավիճակն էր կառավարությունում, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց կառավարության հերթական նիստի ավարտը:
Կային նաեւ բացառություններ. ՀՀ կառավարության գլխավոր մուտքից դուրս եկավ ու լրագրողների հետ խոսեց Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Արգիշտի Քյարամյանն ու ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Ի դեպ, վերջինիս շատ հազվադեպ կարելի է տեսնել լրագրողների հետ զրուցելիս, առավել եւս` կառավարության գլխավոր մուտքից հեռանալիս: Երեկ բացառիկ էր այնքանով, որ Զեյնալյանն անձամբ էր ցանկանում խոսել լրագրողների հետ, քանի որ իր ոլորտին առնչվող խնդիրներն իրենց գագաթնակետին էին հասել, նախարարն էլ ստիպված էր խոսել դրա մասին:
Կառավարության շենքի գլխավոր մուտքից հեռացան նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ու Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, իսկ մյուսները, իրենց համարելով ծայրաստիճան զբաղված, հեռացան կառավարության ետնամուտքերով:
Հետաքրքիր է, թե ինչու են ներկայիս իշխանության ներկայացուցիչները նման քաղաքականություն որդեգրել, ինչու են նրանք եւս սկսել խուսափել լրագրողների եւ հասարակության հետ շփումներից, քանի որ կառավարության շենքի բակում էլ քաղաքացիներն էին նրանց սպասում: Հուսով ենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախարարներին կհորդորի չկրկնել նախկինների «փորձը»:
ՆՅՈՒԹԸ` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ