Մի քանի օր է` լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում է այն հարցը, որ ՊՎԾ պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանի հայրը Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել եպիսկոպոսն է: Թեպետ երկուսն էլ հերքում են այս լուրերը, սակայն, շատերի պնդմամբ, իրականությունն այլ բանի մասին է խոսում։ Նախ` Արգիշտի Քյարամյանը իր պաշտոնական կենսագրությունում հայրանունը նշել է Էլբեկի։ Մամուլում հրապարակվեց այն մասին, որ, ՀՀ կենտրոնական ընտրական կայքի ընտրողների ռեգիստրի տվյալներով, Հայաստանում Արգիշտի Քյարամյան անուն-ազգանունով ընդամենը մի հոգի կա, որի հայրանունը Էլբեկ է։
Էլբեկ Քյարամյան անուն-ազգանունը որոնելիս ԿԸՀ պաշտոնական կայքը կրկին մեկ տվյալ ցույց տվեց՝ Էլբեկ Երեմի Քյարամյան, գրանցման հասցեն՝ Գեղարքունիքի մարզ, գյուղ Երանոս։ Նշենք, որ Մայր Աթոռի պաշտոնական կայքում նշված է, որ Առաքել Եպիսկոպոսը ծնվել է հենց Երանոս համայնքում։
Բացի այդ՝ Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայքում նշված է, որ Էլբեկ Քյարամյանը Աբովյանի պատվավոր քաղաքացի է, իսկ Orthodoxia.ch կայքում նշված են Առաքել եպիսկոպոսի կամ Էլբեկ Քյարամյանի տվյալները, որտեղ կա նաեւ կոնտակտային հեռախոսահամար, եւ դա, իմիջիայլոց, Կոտայքի թեմի հեռախոսահամարներից մեկն է:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հոգեւորականների հետ կապված նմանատիպ սկանդալների ի հայտ գալը նախօրոք ծրագրված է` շատ ավելի կարեւոր հարցերից եւ անձանցից հասարակության ուշադրությունը շեղելու համար: Մի քանի շաբաթ առաջ էլ համացանցում տարածվեց Վիրահայոց թեմի արդեն նախկին առաջնորդ Վազգեն սրբազանի հետ կապված սկանդալը, որում նշված էր, որ վերջինս արտաամուսնական կապի մեջ է եղել հոգեւորականներից մեկի կնոջ հետ: Այս սկանդալը դեռ վաղուց էր հայտնի հասարակությանը, եւ պատահական չէ, որ այն նոր թափով հասունացավ այն ժամանակ, երբ որ սրբազանը հայտարարեց, որ որոշել է թողնել թեմը եւ հետ գալ Էջմիածին:
Բանն այն է, որ կաթողիկոսը այս թեմի համար մեկ ուրիշին է պատրաստում: Ըստ մեր հավաստի աղբյուրների` Վիրահայոց թեմի առաջնորդը լինելու է վեհափառին մշտապես պաշտպանող Մաղաքիա վարդապետ Ամիրյանը: Եւ այս առումով էլ պատահական չէր վերջինիս Ջավախք ուղարկելու կաթողիկոսի որոշումը: Ի դեպ, Առաքել սրբազանը Վազգեն սրբազանի մտերիմ ընկերն է: Սակայն այս ամենով խաղը դեռ չի ավարտվելու: Մեր աղբյուրների պնդմամբ` հաջորդիվ ուղղորդված սկանդալների կենտրոնում լինելու են Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը եւ Արարատի մարզի հոգեւոր տեսուչ Տեր Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը:
Սոնա Գրիգորյան