Կվճարեն վերջնահաշվարկը. կառավարությունը Քաղաքաշինական պետական կոմիտեին գումար կհատկացնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը Քաղաքաշինական պետական կոմիտեին գումար կհատկացնի` Քաղաքաշինական պետական տեսչության աշխատողների վերջնահաշվարկը վճարելու համար: Խոսքը 24 մլն 307 հազար 700 դրամի մասին է: Նշենք, որ անցած տարվա հունիսի 11-ի որոշմամբ` լուծարվել է ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի քաղաքաշինական պետական տեսչությունը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս փոփոխության հետեւանքով կրճատվել է 55 հաստիք,իսկ աշխատանքից ազատված աշխատակիցների վերջնահաշվարկի գումարը կազմում է շուրջ 24 մլ 307 հազար դրամ: Եւ քանի որ այս գումարը նախատեսված չէ Քաղաքաշինության կոմիտեի ընթացիկ տարվա պահպանման ծախսերում, այդ պատճառով կառավարությունը այն կհատկացնի:

Բացի այս, տեղեկացնենք, որ Քաղաքաշինական պետական տեսչության` աշխատանքից ազատված աշխատողները սահմանված կարգով գրանցվել են կոմիտեի կադրերի ռեզերվում եւ, օրենքով սահմանված կարգով, երեք ամիս վարձատրվել են Քաղաքաշինության կոմիտեից: Կադրերի ռեզերվում գրանցվելու դեպքում քաղաքացիական ծառայողի հետ վերջնահաշվարկ չի կատարվում:

Այս դեպքում քաղաքացիական ծառայողի հետ վերջնահաշվարկը կատարվում է, եթե նրա լիազորությունները դադարում են կադրերի ռեզերվից դուրս գալու դեպքում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ կադրերի ռեզերվում գրանցված աշխատակիցներից 13-ը, իրենց դիմումի համաձայն, դեռւեւս անցած տարվա դեկտեմբեր ամսին ստացել են վերջնահաշվարկ` շուրջ 7,5 մլն դրամի չափով,իսկ կադրերի ռեզերվում գրանցված թվով 39 աշխատակցի 6-ամսյա ժամկետը լրացել է այս տարի:

Ս.Հ.




Լրահոս