Այսօր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մարտի մեկի քրեական գործի բացահայտմանը
«Գործից մաս է անջատվել: 4 անձանց վերաբերյալ գործը ուղարկվել է դատարան: Մնացած մասով նախաքննությունը շարունակվում է: Դա կարող է առաջացնել բոլոր իրավական հետեւանքները: Ապացույցների բավարարությամբ նոր անձանց կարող է մեղադրանք առաջադրվել, դրանց արդյունքում այդ անձանց վերաբերյալ գործեր կարող են ուղարկվել դատարան, նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով անձանց վերաբերյալ կարող են որոշում կայացնել հետապնդում չիրականացնել»,-ասաց նա:
Արթուր Դավթյանը, անդրադառնալով 10 զոհերի գործին, ասաց, որ նոր տեղեկություններ եւ որոշակի նոր հանգամանքներ ձեռք բերվել են:
«Բայց դրանք դեռեւս բավարար չեն, որ հնարավոր լինի որպես մեղադրյալ ներգրավել որեւէ անձի, այսինքն` մեղսագրել մահ կամ մահեր որեւէ անձի»,- նշեց գլխավոր դատախազը:
ArmLur.am-ի հետ զրույցում զոհերից Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանը, խոսելով գլխավոր դատախազի հայտարարության մասին, ասաց, որ չի հասկացել` ինչ նոր հանգամանքների մասին է խոսք գնում:
«Ես իմ տղայի մասով եմ ասում,որ ինքը չերեմուխայով է վիրավորվել, հետո հիվանդանոցում մահացել: Իսկ չերեմուխան, արդեն պաշտոնական գիտենք, որ 4 ոստիկանի ձեռքում է եղել: Դրանից հետո ինչ հանգամանքեր պիտի լինի, ես արդեն չեմ կարող ասել: Մենք գիտենք այդ 4 ոստիկանների անուն-ազգանունները, իրենց հրամատարների անուն-ազգանուններն էլ գիտենք»,-ասաց Քլոյանը:
Հարցին` իրենք ՀՔԾ կանչել են այս գործով, Քլոյանը դրական պատասխան տվեց: Վերջինս նշեց, որ մեկ անգամ են կանչել ՀՔԾ, եւ հանդիպել են անձամբ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հետ:
«Հատուկ քննչական ծառայություն մեզ մի անգամ հրավիրել են, նկատի ունեմ` զոհերի հարազատներին: Միասին գնացել ենք, հարցեր ենք ուղղել: Ես անձամբ չերեմուխայից հարց եմ ուղղել: Իրենց ես ասել եմ` 4 ոստիկան է եղել, իրենք ինձ պատասխանել են` իսկ ինչ գիտեք, որ 24 չեն եղել: Իրենք նշեցին, Վահագն Հարությունյանը փախուստի մեջ է, իրենից շատ մեծ բան է կախված: Ասացին, որ ամեն ինչ 0-ից են սկսում գործը, նշեցին` երկար ժամանակ կտեւի, բայց անպայման կբացահայտեն»,-ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Քլոյանը: