ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՃԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ իրավապահ համակարգը մի շարք աղմկահարույց բացահայտումներ իրականացրեց: Նախաքննական ու հետաքննական մարմինները տարբեր միջնորդություններ ներկայացրին դատարան՝ խուզարկություններ իրականացնելու, տարբեր անձանց կալանավորելու թույլտվություն ստանալու համար:

«Ժողովուրդ» օրաթերթը հրապարակեց տվյալներ, թե, օրինակ, 2018թ. ապրիլի 23-ից մինչեւ 2019թ. փետրվարի 18-ը միայն հեռախոսային կամ կապի այլ միջոցներով տարվող խոսակցությունների լսման եւ ձայնագրառման վերաբերյալ ստացվել է 188 միջնորդություն, որոնցից բավարարվել է 174-ը, մասնակի բավարարվել` 3-ը, իսկ 11-ը` մերժվել: Բայց ավելի լուրջ թիվ են կազմում խուզարկություն կատարելու միջնորդությունները` 5 հազար 201 հատ: Դատական դեպարտամենտից տեղեկացրել են, որ նշված միջնորդություններից բավարարվել են 4 հազար 832-ը, բավարարվել մասնակի` 70-ը, մերժվել` 286-ը, թողնվել է առանց քննության` 13-ը:
Սակայն նկատենք, որ մինչ նախաքննական մարմինը տարբեր միջնորդություններով դիմում է առաջին ատյանի դատարան` զգալի մասի վերաբերյալ ստանալով դրական որոշում, մեղադրյալները, չհաշտվելով իրականության հետ, բողոքարկել են դրանք ՀՀ վերաքննիչ դատարանում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձան տվյալներ, թե ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում 2018 թվականի ընթացքում քանի որոշում է բողոքարկվել, եւ հատկապես բողոքներից քանիսն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազությունը:
Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2018 թվականի ընթացքում ստացվել է 4216 վերաքննիչ բողոք 4005 դատական ակտի դեմ, այսինքն` բողոքարկվել է ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների կողմից կայացված 10 դատական ակտերի 16,6%-ը:
Բերված բողոքներից 1601-ով (38%) բողոքարկվել է քրեական գործերով կայացված 1468 դատական ակտ, իսկ մնացած 2615-ով (62%) բողոքարկվել է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության ոլորտին եւ դատական ակտի կատարման հետ կապված հարցերին վերաբերող 2537 դատական ակտ: Քրեական գործերով բողոքարկված 1468 դատական ակտերով վերաքննիչ վարույթն ավարտվել է 1144-ով (77,9%), 550 (48,1%) դատական ակտ թողնվել է անփոփոխ, 390-ը բեկանվել է, 63-ը թողնվել է առանց քննության, 27-ով վերաքննիչ վարույթը կարճվել է, 40-ով վերաքննիչ բողոքը չի քննարկվել եւ կիրառվել է համաներում, 74-ով վերաքննիչ բողոքի վարույթ ընդունելը մերժվել է:
Բեկանված 390 ակտերից 33-ով (8,5%) գործն ուղարկվել է ստորադաս դատարան նոր քննության, 357-ով (91,5%) ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխվել կամ կայացվել է գործն ըստ էության լուծող նոր դատական ակտ:
Բողոքարկված 4005 դատական ակտի դեմ բերված ընդհանուր 4216 բողոքներից 918-ը (21,8%) ներկայացվել է դատախազության կողմից, որոնցից 223 (24,3%) բողոքի քննություն 2018 թվականի դեկտեմբերի 28-ի դրությամբ եղել է անավարտ:
Ընթացքը լուծված 695 բողոքներից 213-ը (30,6%) բավարարվել է, 435-ը` մերժվել, 21-ով վերաքննիչ վարույթը կարճվել է, իսկ 26-ը թողնվել է առանց քննության:
Համեմատության կարգով նշենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում 2017 թվականի ընթացքում ստացվել է 3722 վերաքննիչ բողոք` 3460 դատական ակտի դեմ, այսինքն` բողոքարկվել է ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների կողմից կայացված դատական ակտերի 15,2%-ը: Բերված բողոքներից 1501-ով (40,3%) բողոքարկվել է 11 քրեական գործերով կայացված գործն ըստ էության լուծող 1365 դատական ակտ, իսկ մնացած 2221-ով (59,7%) բողոքարկվել է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության ոլորտին եւ դատական ակտի կատարման հետ կապված հարցերին վերաբերող 2095 դատական ակտ:
Այսպիսով, 2018 թվականի ընթացքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ստացված բողոքների ընդհանուր թիվն աճել է 494-ով 13,3%, այդ թվում` քրեական գործերով գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ բերված բողոքների թիվն աճել է 100-ով` 6,7%, մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության ոլորտին եւ դատական ակտի կատարման հետ կապված հարցերին վերաբերող դատական ակտերի դեմ բերված բողոքների թիվն աճել է 394-ով:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԿԵՂԾ ՎԹԱՐՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ
Ապահովագրական ընկերություններին խաբելու եւ կեղծ ավտովթարներ ստեղծելու գործընթացը շարունակվում է: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Արա Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2018թ. մարտի 31-ին բախվել է Մարտուն Բաղդասարյանի կողմից վարած ԲՄՎ մակնիշի ավտոմեքենային, որից հետո Արսեն Զաքարյանը, հեռախոսազանգի միջոցով Արա Կարապետյանից տեղեկանալով վթարի մասին, ժամանել է դեպքի վայր: Այստեղ Արա Կարապետյանի հետ խմբի կազմում նախնական համաձայնության գալով` վերջինիս փոխարեն վարորդ ներկայանալու եւ վթարում մեղավորությունն ընդունելու շուրջ խաբեությամբ խոշոր չափերի վնաս է պատճառել «Ինգո Արմենիա» ՓԲԸ կենտրոնին:
Արսեն Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել:
Արա Կարապետյանի եւ Արսեն Զաքարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Ք. Մանուկյան

 

 

 

ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ ԵՆ ԳՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Վերջերս Իջեւան քաղաքի կենտրոնում` քաղաքի Ներսես Շնորհալի եկեղեցու հարեւանությամբ գտնվող «Բազե» սուպերմարկետից գիշերը գողացել են դրամական փոխանցումների տերմինալը, որի մեջ մոտ 1 միլիոն դրամ գումար է եղել: Ոստիկանության Իջեւանի բաժնի աշխատակիցները բացահայտել են այդ գողությունը: Այն կատարելու համար կասկածվում է 2 անձ: Քրեական գործի քննությունը կատարում է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունը: Ոստիկանության Իջեւանի բաժնի աշխատողները բացահայտել են նաեւ Իջեւանում կատարված բնակարանային գողությունը: Պարզվել է, որ գողությունը կատարել են Տավուշի մարզի Բերդ քաղաքի 2 բնակիչ: Գողոնն առգրավված է, քրեական գործով քննություն է կատարվում:

Ո. Սարգսյան
Տավուշ

 

 

 

ԽԵՂԱԹՅՈՒՐՈՒՄ ԵՆ
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ՌԴ պետական դումայի ամբիոնից խոսելիս ուշագրավ հայտարարություն է արել: Նա խոսել է Հայաստանում տեղի ունեցած գործընթացները ռուս գործընկերների մոտ խեղաթյուրված ներկայացնելու՝ «որոշ շրջանակների» փորձերից: «Անկեղծ բարեկամական երկխոսություն, որն առանձնահատուկ նշանակություն է ստանում այն հանգամանքի լույսի ներքո, երբ իրենց լոբբիստական հետաքրքրությունները բավարարելու համար եւ մեր երկրների լրատվական դաշտում կասկածելի մանիպուլյացիաներ օգտագործելով՝ որոշ շրջանակների կողմից փորձ է արվում խեղաթյուրված ներկայացնել Հայաստանում տեղի ունեցող գործընթացները, կեղծ լույսի ներքո թյուրիմացություն եւ անորոշություն սերմանել՝ դրանով իսկ թուլացնելով մեր ընդհանուր դիրքերը միջազգային ասպարեզում եւ բարձրացնելով մեր պետությունների խոցելիությունն արտաքին մարտահրավերներին»,- ասել է նա:

 

 

ՎԵՐԱԴԱՐՁՎԵԼ Է ԲՅՈՒՋԵ
ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր, խարդախության համար մեղադրվող Ալեքսանդր Սարգսյանը պետությանը ոչ թե 18.5 միլիոն դոլար է նվիրել, այլ 19.6: ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից տեղեկացրել են, որ Սաշիկ Սարգսյանն այդ գումարը կոնկրետ Արցախի բանակին է ուղղել: «Քրեական գործով մեղադրյալ Ալեքսանդր Սարգսյանն իր կամքով 9 506 000 000 ՀՀ դրամին համարժեք 19 600 000 ԱՄՆ դոլար է նվիրաբերել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին»,-ասել է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը: Նա հաստատել է նաեւ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի նվիրատվության մասին տեղեկությունը: Ըստ ԱԱԾ-ի` Արմեն Ավետիսյանը քրեական գործի նախաքննության շրջանակներում դիմել է համապատասխան մարմիններին` Ծաղկաձորում գտնվող, իրեն պատկանող «Գոլդեն Փելես» հյուրանոցը պետությանը նվիրելու համար: Չարաշահումների ու կոռուպցիոն բնույթի հանցագործություններով քննված քրգործերով նախաքննության ընթացքում վերականգնվել է 22 052 635 406 ՀՀ դրամ: Վերականգնված գումարները փոխանցվել են ՀՀ պետական բյուջե:

 

 

ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ
Առաջին դասարանցիների համար դպրոցականների գարնանային արձակուրդները կմեկնարկեն մարտի 18-ից, 2-12-րդ դասարանցիների համար` մարտի 25-ից: Ըստ 2018-2019 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների` առաջին դասարանցիների գարնանային արձակուրդները տրվում են 2019թ. մարտի 18-ից 31-ը ներառյալ, 2-12-րդ դասարանցիներինը` 2019թ. մարտի 25-ից 31-ը ներառյալ:

 

 

ՁՆԱԽԱՌՆ ԱՆՁՐԵՎ
Փետրվարի 28-ի եւ մարտի 1-ի գիշերը Հայաստանի շրջանների զգալի մասում` Սյունիքում եւ Արցախում, ցերեկը սպասվում են տեղումներ, լեռնային եւ նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային շրջաններում` ձնախառն անձրեւի եւ անձրեւի տեսքով: Մարտի 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 28-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով: Երեւանում մարտի 1-ի գիշերը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր վայրերում` թաց ձյան տեսքով: Մարտի 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

 

ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանը որոշում է կայացրել մերժել ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու նրա պաշտպանների ներկայացրած միջնորդությունը: Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը նշել է, որ Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ նոր միջնորդություն կներկայացնեն այնքան ժամանակ, մինչեւ բավարարվի: Գրիգորյանի փաստաբանները դժգոհում են, որ իրենց պաշտպանյալի խափանման միջոցի վերաբերյալ գործերը մշտապես մակագրվում են Մարինե Մելքոնյանին, եւ վերջինս մշտապես որոշում է, որ կալանքի հիմքեր կան: Նշենք, որ պաշտպանական կողմը միջնորդել էր շուրջ 20 մլն դրամ գրավի դիմաց կալանքից ազատ արձակել նրան:




Լրահոս