ԱՏՈՄ ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆ. ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻԿՈՆԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ թավշյա հեղափոխությունից հետո նոր կառավարության ձեւավորման գործընթացն էր ընթանում, շատերը, շունչները պահած, սպասում էին, թե ում է Փաշինյանը վստահելու հանրապետության ֆինանսների, պաշտպանության ու արտաքին գործերի կառավարումը: Մասնավորապես, ֆինանսական համակարգի ղեկը վստահվեց ֆիննախում մոտ քառորդ դար՝ 1995-ից աշխատող Ատոմ Ջանջուղազյանին, որին համարում են այդ նախարարության «իկոնան»: Ֆիննախն իր գոյության ընթացքում վերաձեւավորվել է ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության, մոտ մեկ տասնյակ նախարարներ են այս ընթացքում եկել ու գնացել, իսկ, ահա, Ջանջուղազյանը եղել է, կա ու կլինի:

Ո՞վ էր Ջանջուղազյանը մինչեւ հեղափոխությունը
Ատոմ Ջանջուղազյանն իր աշխատանքային կարիերան կառավարությունում սկսել է դեռեւս ուսանողական տարիներից՝ 1991-ից` աշխատելով ՀԽՍՀ Պետպլանում` որպես տեխնիկ, ապա ինժեներ-ծրագրավորող, իսկ հետո բարձրացել է մասնագիտական կարիերայի բոլոր աստիճաններով՝ տարբեր պաշտոններ զբաղեցնելով Ֆինանսների եւ Էկոնոմիկայի /որոշ ժամանակով վերաձեւավորված/ նախարարություններում, 2008-2016թթ.-ին էլ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետն էր եւ շուրջ երկու տարի՝ 2016-2018թթ., ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալը: Պաշտոնի բարձրացումը բառիս բուն իմաստով բարձրացրել է նաեւ պաշտոնի տիրոջը. Ջանջուղազյանի կաբինետն այժմ նախկինից մի հարկ վերեւում է: Երբ նա մայիսին ֆիննախի երկրորդ պլանի «խաղացողից» վերջապես դարձավ գլխավոր դերակատար, նախարարության հնաբնակները դա տրամաբանական համարեցին, քանի որ Ջանջուղազյանը երկրի ֆինանսական համակարգը գիտի 10 մատի պես, ՀՀ գանձապետական համակարգի կնքահայրն է եւ միշտ եղել է ապաքաղաքական դեմք: Ուստի հենց նրան ճգնաժամային իրավիճակում գործող կառավարության ֆինանսների նախարարի պաշտոնը վստահելը խելամիտ որոշում էր: Ասում են՝ շատ է աշխատում, աշխատանքի է գալիս առավոտ կանուխ՝ 6-ն անց 20-ին, տեսակով հավասարակշռված, կոմպրոմիսային չինովնիկ է եւ չի տառապում բյուրոկրատներին հատուկ պահանջկոտությամբ ու ձեւապաշտությամբ: Այն, որ նա վերանշանակվեց այդ պաշտոնում, հուշում է, որ ֆիննախի «հին գայլին» փոխարինող արժանի մարդ Փաշինյանը չի գտել:

Ֆիննախում «ասողը» նախարարի սանիկն է
Պարզվում է՝ Ջանջուղազյանն ու ֆիննախում նույն հարկի տակ նախարարի տեղակալ աշխատած, ապա ՊԵԿ գործուղված Դավիթ Անանյանը համակուրսեցիներ են: Իսկ Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ նշանակված Կարեն Բրուտյանի եւ Ջանջուղազյանի միջեւ քավոր-սանիկական կապ կա. նախարարն իր տեղակալի երեխաներից մեկի կնքահայրն է: Հենց Բրուտյանի նշանակումով էլ, ըստ նախարարության մեր աղբյուրների, խախտվել է գերատեսչության անդորրը, քանի որ նախարարության կուրացիան փաստացի միանձնյա իրականացնում է Բրուտյանը: Նախարար նշանակվելուց մի քանի օր անց Ատոմ Ջանջուղազյանը, ըստ լուրերի, նախարարության աշխատակիցներին հայտնել է, որ այսուհետ բոլոր հարցերով պետք է դիմեն իր սանահորը, անգամ փոխնախարարներն իրենց աշխատանքային խնդիրները Բրուտյանի միջոցով են լուծում, քանի որ նախարարի հետ անմիջական շփում գործնականում չկա: Նշենք, որ Բրուտյանը մինչ ներկայիս պաշտոնում նշանակվելը ՊԵԿ նախագահի տեղակալն էր: Նա եւս պատահական մարդ չէ նախարարությունում, որտեղ, սկսած 1998թ.-ից, տարբեր պաշտոններ է զբաղեցրել մասնավորապես պետգնումների գծով: Ավելին՝ Բրուտյանը դեռեւս 2000թ.-ին հիմնադրել է «Ինտեր Լիմենս» ՓԲԸ-ն, որի մասին մամուլում մի շարք աղմկահարույց հրապարակումներ եղան, ըստ որոնց՝ հիշյալ ՓԲԸ-ն տարիներ շարունակ փաստացի մենաշնորհային կարգավիճակով զբաղվել է կոռուպցիոն մեծ ռիսկեր պարունակող ոլորտի՝ պետական գնումների կազմակերպմամբ, գնումների գործընթացի վերաբերյալ խորհրդատվության տրամադրմամբ, ինչը մեծ շահույթներ է ապահովել: Մենաշնորհային կարգավիճակը վերոհիշյալ ՓԲԸ-ի համար, ըստ մամուլի, ստեղծել են հենց Ատոմ Ջանջուղազյանն ու Կարեն Բրուտյանը՝ օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքն ու այլ կապերը: Ի դեպ, այս ՓԲԸ-ի տնօրենը Գագիկ Ջանջուղազյանն էր՝ ֆինանսների նախարարի եղբայրը: Նկատենք, որ ՊԵԿ-ի կոռուպցիոն գործարքները սպասարկելու եւ ՊԵԿ-ից պատվերներ ստանալու մասին մամուլի տեղեկությունները Բրուտյանը հերքել է՝ պնդելով, որ իր՝ համակարգում բարձր պաշտոն ստանալուց հետո «Ինտեր լիմենսը» ՊԵԿ գնումներով չի զբաղվել։ Այս ՓԲԸ-ի ծառայություններից օգտվել են այլ մարմիններ՝ Երեւանի քաղաքապետարանը, ՀՀ կառավարությանն առընթեր մարմիններ, ՊՈԱԿ-ներ, թանգարաններ… Պետռեգիստրի տվյալներով` ՓԲԸ-ն շարունակում է գործել, թեեւ լուրեր կան, որ այն Ժամանակավորապես դադարել է գործել ամուկից խուսափելու համար:

Նախարարը հէկ-ում բաժնեմաս ունի
Երբ վերջերս աղմուկ բարձրացրած պարգեւավճարների թեմայով լրագրողները նեղել էին Ջանջուղազյանին, վերջինս նշել էր, թե իր վաստակած աշխատավարձը, 2017թ.-ի համեմատ, աճել է 10 տոկոսով՝ պարգեւավճարը ներառյալ, դրա հետ մեկտեղ էլ առնվազն 10 տոկոսով աճել է նաեւ պատասխանատվությունը: Նկատենք, սակայն, որ թեեւ Ջանջուղազյանը «անհիշելի ժամանակներից» պետական պաշտոն է զբաղեցրել, սակայն աշխատանքի դիմաց ստացել է ոչ այնքան ճոխ վարձատրություն, ինչը պարզ է դառնում նրա 2011-2017 թթ. հայտարարագրերից: Ըստ այդմ՝ Ջանջուղազյանը ստացած աշխատավարձից կրկնակի ավելի դրամական միջոցներ է ունեցել, տարեկան աշխատավարձի արժեքով գույք է ձեռք բերել ու օտարել: Պետռեգիստրի տվյալներով՝ ֆինանսների նախարարը 10 տոկոս բաժնեմաս ունի 2011թ.-ից շահագործման հանձնված «Կարբի ջրհոս» հէկ ՍՊԸ-ում, որը տարեկան արտադրում է 2 մլն կՎտ/ժամ էլեկտրաէներգիա: Բաժնեմասը Ջանջուղազյանը ձեռք է բերել 2011թ.-ին, որի մասին եւ այնտեղից ստացված շահաբաժնի վերաբերյալ նշումներ չկան նրա 2011-2015 թթ. հայտարարագրերում: Նա այս բաժնեմասը հայտարարագրել է միայն 2016-ին:

Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԸ ՉԿԱՅԱՑԱՆ

Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշեն գյուղում փետրվարի 27-ին նախատեսված էր անցկացնել Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերեւակման երկրաբանահետախուզական աշխատանքների հայտի հանրային լսումներ: Վազաշեն համայնքի ղեկավար Լորիկ Բադիրյանը հայտնեց, որ այդ հասարակական լսումները չեն կայացել: Նրա խոսքերով՝ Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերեւակման տեղամասերում երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարելու հայտ ներկայացրած «ԷՅ ՅՈՒ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի ղեկավարները, բնապահպան մասնագետները փետրվարի 27-ին Տավուշի մարզպետարանում այդ խնդիրը քննարկել են Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ: Եւ քննարկումների արդյունքում որոշվել է հիմնահարցը մանրամասն ուսումնասիրելու համար ստեղծել հանձնաժողով եւ առանց շտապելու քննարկել իրավիճակը: Վազաշենից հայտնեցին, որ փետրվարի 26-ին սահմանամերձ այդ գյուղ են ժամանել բնապահպան ակտիվիստ երիտասարդներ, որոնք, ի նշան երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարելու դեմ բողոքի, մտել են խորհրդային ժամանակներից առկա հանքերի թունելները: Տեղեկություններ կան այն մասին, որ «ԷՅ ՅՈՒ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն հանքերեւակման տեղամասերում բացի ոսկուց, արծաթից, պղնձից, ցինկից ու կապարից նախատեսում էր Վազաշենում որոնել նաեւ ռադիակտիվ տարրեր: «Տավուշն առանց հանքի» նախաձեռնող խումբը տարածել է հայտարարություն, ուր նշված է՝ հաշվի առնելով Հայաստանում մետաղական հանքերի շահագործման եւ դրանց քայքայիչ ազդեցության դառը փորձը, հաշվի առնելով Տավուշի մարզի՝ որպես բացառիկ մաքուր էկոլոգիական միջավայր ունեցող մարզի մասին պատկերացումները, անընդունելի է համարվում Տավուշի մարզի որեւէ համայնքում մետաղական հանքի շահագործումը: Նախաձեռնող խումբը Տավուշի զարգացումը տեսնում է միայն առողջ բնական միջավայրում մարզում առկա էկոտուրիզմի, օրգանական գյուղատնտեսության եւ թեթեւ արդյունաբերության ներուժի կիրառման ճանապարհով: Նախաձեռնող խումբը կոչ է ուղղել նաեւ խնդրով մտահոգ բոլոր անհատներին եւ կազմակերպություններին՝ միավորելու ուժերը Վազաշեն համայնքում հանքարդյունաբերությանն այլընտրանքներ գտնելու եւ դրանց իրականացման հարցում բնակիչներին օժանդակելու, որպեսզի Տավուշի մարզում հանքարդյունաբերություն չգործի: Նշենք, որ այս հանքավայրի շարունակությունը Ադրբեջանի տարածքում է: Հավանական է, որ ադրբեջանցիները հանքավայրի մյուս ծայրից սկսեն դրա շահագործումը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ՉՈՐՍ ԱՆԳԱՄ ԷԺԱՆ
Նախօրեին Նոյեմբերյանի քաղաքապետարանի շենքում այդ տարածաշրջանի համայնքների հիմնախնդիրների վերաբերյալ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի մասնակցությամբ քննարկման ժամանակ արծարծվեց ոռոգման ջրի սուր խնդիրը: Վրաստանին սահմանակից Պտղավան գյուղի վարչական ղեկավար Ռաֆիկ Օհանյանը հայտարարեց, որ Դեբեդ գետի ջրով ոռոգելու դեպքում մեկ հեկտարի տարեկան վարձավճարը կազմում է 55 հազար դրամ, իսկ իրենց հարեւան Վրաստանի ադրբեջանական գյուղերի բնակիչները Դեբեդի ջրով ինքնահոս եղանակով ոռոգելու դեպքում վճարում են 4 անգամ պակաս` 14 հազար դրամին համարժեք լարի: Ռ. Օհանյանը չգիտի` Վրաստանի կառավարությունը սուբսիդավորում է արդյոք ոռոգման վճարը:
«Տավուշ» ջուրօգտագործողների միության տնօրեն Յուրա Որսկանյանը, չժխտելով, որ Դեբեդ գետի ջրով մեկ հեկտարի ինքնահոս ոռոգման վճարը 55 հազար դրամ է կազմում, ասաց, որ ՀՀ-ում, անկախ ոռոգման ինքնահոս կամ մեխանիկական եղանակից, սահմանված է ոռոգման ջրի միասնական սակագին` մեկ խորանարդ մետր ջրի համար 11 դրամ: Խորհրդակցության մասնակիցները նրան հարցրին, թե ինչպես է չափվում ինքնահոս եղանակով տրվող ոռոգման ջրի քանակը: Նա ասաց, որ քրոնոմետրաժի եղանակով: Վրաստանին սահմանակից գյուղերի ղեկավարները դժգոհություն հայտնեցին, որ ամեն տարի ոռոգման սեզոնը ուշ է սկսվում, երբ ոռոգման ջրատարներում մոշի թփերը մեծ չափով աճած են լինում, դժվար է լինում դրանք քերել-մաքրելը: Նրանք հայտնեցին, որ ամառվա տապին, երբ բերքի հասունացման ժամանակն է, ոռոգման ջուր քիչ է տրվում, եւ բերքի մեծ կորուստներ են լինում:
Յուրա Որսկանյանը պատճառաբանեց, որ ուշ է սկսվում ոռոգման համակարգի պետական ֆինանսավորումը, նաեւ հայտնեց, որ ոռոգման համակարգը 50-60 տարվա վաղեմություն ունի, մաշված է: Նա ասաց, որ այս տարի իրենք արդեն մաքրել են ոռոգման մայր առուները, ոռոգման համակարգում նորոգման աշխատանքներ են կատարել: Որսկանյանը հայտնեց, որ Բերդավան գյուղի ջուրօգտագործողներն ուշացնում են Այրումի քառաստիճան պոմպակայանի միջոցով, մեխանիկական եղանակով ոռոգման ջրի մատակարարման վերաբերյալ պայմանագրերի կնքումը, ինչը իրենց համար դժվարություններ է հարուցում:




Լրահոս