Առաջին անգամ ձևավորվել է աշխատանքային խումբ, որը քննարկելու է պետության եւ եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցեր. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի առաջին հանդիպումը: Միջոցառումն ինքնին ուշագրավ է. առաջին անգամ ձեւավորվել է աշխատանքային խումբ, որը քննարկելու է պետության եւ եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցեր:

Եկեղեցին, իհարկե, պետությունից առանձին է: Միաժամանակ, ՀՀ Սահմանադրությամբ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն հատուկ կարգավիճակ է շնորհված. Սահմանադրությամբ ճանաչված է եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում: Ու նշված է. «Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով»:
Բայց չենք կարող չնկատել, որ եկեղեցու եւ պետության միջեւ կան դեռեւս չկարգավորված բազմաթիվ խնդիրներ, որոնց մասին պետք է բարձրաձայն խոսել:

Այդ հարցերը երեկ ձեւակերպեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Օրինակ՝ պետք է արդյոք դասավանդել Հայ Առաքելական Եկեղեցու պատմություն առարկան: «Այստեղ առաջին հարցը, որ ծագում է, հետեւյալն է. արդյոք մենք տարբերակո՞ւմ ենք Հայ Առաքելական Եկեղեցու պատմությունը հայ ժողովրդի պատմությունից, եւ եթե տարբերակում ենք, ինչո՞ւ ենք տարբերակում, եւ եթե տարբերակում ենք, ինչպե՞ս ենք տարբերակում»,- հարցադրում է հնչեցրել Փաշինյանը:

Նա նաեւ անդրադարձել է եկեղեցու հարկային պարտավորություններին. «Խնդիր կա` անշարժ գույքի գույքահարկի հետ կապված, եւմենքպետք է հասկանանք, թե այստեղ ինչ մոտեցում ունենք: Արդյոք Հայ Առաքելական Եկեղեցուն պատկանող գույքն այս առումով միասե՞ռ է, միատա՞րր է, թե՞ այնտեղ կան տարբեր սեգմենտներ, եւ արդյոք այդ սեգմենտների վերաբերյալ պետք է տարբերակվա՞ծ, թե՞ ընդհանուր մոտեցում ցուցաբերենք»,-ասել է նա ու շատ թափանցիկ ակնարկել, թե եկեղեցու գույքը հարկելու դեպքում կավելանան հարկային մուտքերը, ինչըթույլ կտա բարձրացնել զինվորականների, ուսուցիչների աշխատավարձը, լրջագույն կապիտալ ծախսեր իրականացնել տարբեր ոլորտներում:

Ինչպե՞ս է արձագանքել կաթողիկոսը. բնականաբար`ոչ հիացմունքով: Ու դա զգացվում էր նրա խոսքերից. «Այս նոր ձեւաչափը բարեպատեհ հնարավորություն է՝ քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը եւ փնտրելու դրանց լուծման ուղիներ՝ ի խնդիր մեր Եկեղեցու առաքելության արդյունավորման՝ հանուն մեր երկրիեւ ժողովրդի»:




Լրահոս