ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որքան գումար կծախսվի մեկ «խելացի» անասնաշենք կառուցելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն ու Անասնաբուծության եւ անասնաբուժության վարչության պետ Լեւոն Տեր-Իսահակյանը լրագրողների հետ հանդիպմանն ամփոփեցին անասնաբուծության ոլորտում իրականացվող պետական օժանդակության նոր ծրագրերի արդյունքները: Խոսքը` փոքր եւ միջին «խելացի» անասնաշենքների կառուցման եւ ՀՀ-ում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագրերի մասին է:

«Խելացի անասնաշենքի կառուցման համար դիմում հայտ է ներկայացրել 108 քաղաքացի: Արդեն իսկ մեր մասնագետների կողմից այցելություններ են իրականացվել այդ տնտեսություններ, բայց նրանցից 10 հոգին չեն բավարարել պայմաններին»,- տեղեկացրեց փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը:

Իսկ ահա Անասնաբուծության եւ անասնաբուժության վարչության պետ Լեւոն Տեր-Իսահակյանի խոսքերով, «խելացի անասնաշենքերի» կառուցման ծրագրի հետ կապված Սյունիքի մարզը պասիվ է:

Հանդիպման ընթացքում Տիգրան Գաբրիելյանը բացատրեց, թե ինչու է անասնաշենքը կոչվում «խելացի»: «Ծրագրի հիմքում դրված է որ կենդանիներին ապահովվի մաքսիմալ հարմարավետություն, որպեսզի կենդանիներն էլ մեզ փոխհատուցեն համապատասխան կաթով մսով եւ այլն: Այդ անասնաշենքերը տարբերվում են ավանդականից, ավանդական անասնաշենքերը ինչպես գիտեք շղթաներով կենդանիները կապված են: Այս դեպքում կենդանին իր հայեցողությամբ շրջել, ջուր խմել, երբ ցանկան կեր ուտել եւ այդքանով իսկ չսահամանափակել նրա ցանկությունները: Այդ ժամանակ կենդանին կցուցաբերի մաքսիմալ մթերատվություն»,- բացատրեց Տ. Գաբրիելյանը:

Բացի այս, ըստ փոխնախարարի` անասնաշենքերը համալրված են լինելու մշտական ջրով ու օդափոխանակությամբ: Նաեւ` կթի սարքավորումներով. «Եթե մենք կթենք ձեռքով մենք չենք ունենա սանիտարապես մաքուր կաթ, իսկ այս դեպքում մենք ապահովում ենք նաեւ սանիտարապես մաքուր կաթ»:

ArmLur.am-ը փոխնախարարից հետաքրքրվեց, թե որքան գումար է ծախսվելու մեկ անասնաշենք կառուցելու համար: Հարցին ի պատասխան Տիգրան Գաբրիելյանն ասաց. «Պիլոտային եղանակով այդ անասնաշենքերից կա կառուցված Շիրակի եւ Լոռու մարզերում: Դրանից ելնելով մենք արդեն հաշվարկներն ունենք. 10-ից 15 կենդանու համար 13 մլն դրամ, որի 50 տոկոսը մենք կսուբսիդավորենք, երկորդ տարբերակի համար` 23 մլն դրամ, որը նախատեսում է 20-25 կենդանի եւ երրորդ տարբերակի համար` 40-45 կենդանի, որը 33 մլն դրամ է եւ այն նույնպես 50 տոկոսով կսուբսիդավորվի պետության կողմից»:

Նշենք, որ ծրագրի շրջանակում նախատեսվում է կառուցել կամ վերակառուցել 230 անասնաշենք, որի համար կներդրվի 3,2 մլրդ դրամ: Փոխհատուցման չափը կկազմի շուրջ 13.8 մլն դրամ, ծրագրի տևողությունը՝ 2019-2021թթ։

Ս.Հ.




Լրահոս