ՀՅԴ-ում փոշմանել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` Հայ հեղափոխական դաշնակցության նոր ձեւավորված Գերագույն մարմնում իսկական «հեղափոխություն» է տեղի ունեցել: Ըստ մեր տեղեկությունների` ԳՄ-ականները որոշել են այլեւս առճակատման չգնալ ներկայիս իշխանությունների հետ, քանի որ, ըստ իրենց, ժողովուրդը շարունակում է «երկու ձեռքով» սատարել ներկայիս իշխանություններին ու անիմաստ է տարբեր հայտարարությունների միջոցով վատաբանել իշխանությունների վարած քաղաքականությունը` այդկերպ հանրությանը տրամադրելով հենց ՀՅԴ-ականների դեմ:

Հիշեցնենք, որ ՀՅԴ-ականները «ակտիվացան» այն ժամանակ, երբ օրերս Հրայր Թովմասյանի գլխավորած ՀՀ ՍԴ-ն սահմանադրական ճանաչեց 2018թ. հոկտեմբերի 2-ին «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը: Խոսքն այն օրինագծի մասին է, որը մեծ աղմուկ բարձրացրեց` առիթ հանդիսանալով արագացնելու նախորդ խորհրդարանն իրավունքի ուժով արձակելու եւ ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու գործընթացը:

Այս որոշումից հետո ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հանդես էր եկել հայտարարությամբ. «Այն, ինչ եղավ հոկտեմբերի 2-ին, ոչ այլ ինչ էր, քան սահմանադրական կարգի տապալման փորձ:

Քննությունն էլ ժամանակի ընթացքում տեղի կունենա, ժամանակը կգա եւ բոլոր հարցերը կդնի իր տեղը»: Ա. Ռուստամյանի հայտարարությունից հետո տեղեկություններ տարածվեցին, որ ՀՅԴ-ում քննարկում են, թե ինչ ձեւաչափով «դեմ» դուրս գան իշխանություններին ու ապացուցեն, որ նրանք իշխանության են եկել սահմանադրական կարգը տապալելու միջոցով:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթն այս հարցերի շուրջ զրուցել է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Տարոն Տոնոյանի հետ:

-Պարո՛ն Տոնոյան, ըստ շրջանառվող տեղեկությունների` ՀՅԴ-ն նպատակ ունի առաջիկայում քայլեր ձեռնարկել իշխանությունների դեմ` ապացուցելով, որ նրանք իշխանության են եկել` սահմանադրական կարգը տապալելով: Որքանո՞վ են իրատեսական այդ տեղեկությունները, ի՞նչ է պատրաստվում անել ՀՅԴ-ն այս փուլում:

-Գերագույն մարմնում նման հարց չի քննարկվել. մենք չենք ուզում այդ ճանապարհով գնալ, որովհետեւ այս պահին բացարձակ դրա անհրաժեշտությունը չենք տեսնում: Մենք քննարկել ենք, որ առանց այդ էլ հասարակությունում բավականին արդեն մեծ լարվածություն կա, ու այս պարագայում բացարձակ դրա անհրաժեշտությունը չենք տեսնում: Ասեմ ավելին` ընդհակառակը` մենք ցանկանում ենք առաջիկայում կոչով հանդես գալ, երկուստեք փոխադարձաբար զսպվածության կոչ անենք:

Այս ատելության միջավայրը, որ հիմա առկա է Հայաստանում, լավ չէ, ու մեզ համար ընդունելի չի, օրինակ, Վիտալի Բալասանյանին գող, ավազակ, սրիկա են ասում, կամ հենց Նիկոլ Փաշինյանի տիկնոջ` Աննա Հակոբյանի դեմքը Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի դեմքով են ներկայացնում եւ այլն. դրանք մենք անընդունելի ենք համարում, նման բաները շատ վատ են հասարակության համար: Մենք իսկապես շատ խիստ անհանգստացած ենք այդ կապակցությամբ ու չենք ցանկանում, որ նման լարվածության մթնոլորտում, որ մեր երկիրը պատերազմի շեմին է, նման իրավիճակում հայտնվի:

-Այսինքն` ՀՅԴ-ում որոշում կա այս փուլում որեւէ բան չնախաձեռնելու՞:

-Իհարկե ոչ, մենք ընդամենը փաստը արձանագրեցինք, բայց ես կարծում եմ, որ դրա շարունակությունը մեր բոլորիս շահերից չի բխում. մենք համարում ենք, որ ինչ որոշվել է, դա փաստ է ու վերջ: Ես արդեն ԳՄ-ում առաջարկել եմ կոչով հանդես գալ, քննարկման փուլում է հարցը:

Կարծում եմ` առաջիկայում ամեն ինչ ավելի կհստակեցվի: Մենք բացարձակ որեւէ լարվածություն չենք ցանկանում, որպեսզի լինի. դա այս պահին մեր երկրի շահերից չի բխում: Իսկ մեր հիմնական մտահոգությունը կապված է Արցախի ու մեր երկրի անվտանգության հետ: Մեր կողմից որեւէ նման բաներ չի արվել, մենք որեւէ այլ նպատակներ չունենք ու չենք էլ ունենալու:

Ես կարծում եմ, որ այդ հակահեղափոխական ճանապարհով ով էլ որ ուզենա գնա այդ ճանապարհով, ինքը կտապալվի, որովհետեւ 70 տոկոս քվե ունեցող քաղաքական ուժը… Ես ավելին ասեմ` թող իրենք էլ հանգիստ լինեն. իշխանությունների կողմից էլ է այդ ամենը դրդվում: Ես կարծում եմ, որ իրենք են կեղծ օրակարգ բերում, որպեսզի ժողովրդի ուշադրությունը շեղեն. եթե կարող են երկրի համար գործ անել, ապա թող գործ անեն, թող իրենց գործը շարունակեն: Լուրջ քաղաքական ուժ է, ժողովրդից լուրջ քվե են ստացել, թող շարունակեն աշխատել: Համենայնդեպս, ՀՅԴ-ն հակահեղափոխականների շարքերում չի, դա վստա՛հ եղեք:

-Իսկ ՀՅԴ-ն ի՞նչ դիրքորոշում ունի` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի տակ գտնվելու հարցի հետ կապված:

-Ռոբերտ Քոչարյանի հետ կապված մենք ընդհանրապես որեւէ դիրքորոշում չենք արտահայտելու, քանի որ դատ է ընթանում. միայն մեր հիմնական մտահոգությունն այն է, որ բոլոր դատերը լինեն առանց ուղղորդման, այդքան բան: Մենք որեւէ բան չունենք` ո՛չ համակրանք, ո՛չ հակակրանք. մեզ մոտ որեւէ նման բան չկա որեւէ մեկի հանդեպ:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս