ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն առաջարկում է տեխզննման կտրոնի տրամադրման պահանջը հանել, իսկ վերահսկողությունը իրականացնել էլեկտրոնային շտեմարանի եւ արատորոշման քարտի միջոցով:
Նշենք, որ ե՛ւ վարորդները, ե՛ւ քաղաքացիները մշտապես դժգոհել են` տեխզննման կտրոնների տրամադրումը ձեւական է, եւ դրանք ունենում են նաեւ անսարքություն ունեցող մեքենաները: «Ժողովուրդ» օրաթերթը առաջին անգամ չէ, որ անդրադարձել է տեխզննման կտրոնների տրամադրման բարձիթողի վիճակին:
Ի դեպ, տեխզննման կտրոնները նախկինում տրամադրվում էին տեխզննման կայանների կողմից. մեքենան զննում էր անցնում, հետո միայն սարքին լինելու դեպքում վարորդին տրամադրվում էր համապատասխան կտրոնը: Բայց Տիգրան Սարգսյանի կառավարությունը դեռեւս 2011 թվականին ոլորտում կոռուպցիոն ռիսկերից խուսափելու նպատակով տեխզննման կտրոնների ստացման կարգը փոխեց, եւ դրանց տրամադրումը իրականացվեց բանկերի կողմից: Հասկանալի է՝ Տ.Սարգսյանը, որ ԿԲ նախագահ էր, հետո դարձավ ՀՀ վարչապետ, ամեն ինչ անում էր բանկիրի տրամաբանությամբ՝ օգուտ տալով այդ ոլորտին: Ու արդյունքում կոռուպցիոն ռիսկերն այսպես չնվազեցին. ապացույցը այդ ոլորտում մի քանի կոռուպցիոն պատմությունների բացահայտումն էր:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանում գործում է լիզենզավորված 35 տեխնիկական զննության կայան` 41 հոսքագծերով: Բացի այս, ինչպես հայտնի է, ստեղծված կա միասնական էլեկտրոնային շտեմարան, որը հնարավորություն է տալիս վարելու տեխնիկական զննություն անցած եւ սարքին ճանաչված ավտոմեքենաների ռեգիստր` պարունակելով տվյալներ տեխնիկական զննության անցկացման ժամի, հայտնաբերված թերությունների վերաբերյալ: Այս շտեմարանի տվյալները, բնականաբար, հասանելի են նաեւ ՀՀ ճանապարհային ոստիկանությանը: Տեղեկացնենք, որ մեքենայի համար զննություն իրականացրած լիցենզավորված անձը տրամադրում է սահմանած նմուշի կտրոն: Այն սովորաբար փակցվում է մեքենայի առջեւի հողմապակու ներքեւի աջ անկյունում: Բայց այլեւս գաղտնիք չէ, որ ավտոմեքենայի պարտադիր տեխզննման անցկացումը կրում է ձեւական բնույթ: Չէ՞ որ հայտնի փաստ է` տեխզննման կտրոնը բանկերից ձեռք բերելուց հետո վարորդը իր մեքենան չի ներկայացնում տեխնիկական զննության: Իսկ ճանապարհային ոստիկանությունը վերահսկողությունը իրականացնում է ուժի մեջ գտնվող տեխզննման կտրոնը մեքենայի` օրենսդրությամբ սահմանված տեղում չփակցված վիճակով տրանսպորտային միջոց վարելու մասով միայն: Այլ վերահսկողական մեխանիզմներ թե՛ վարորդների, թե՛ կայանների նկատմամբ չկան:
Այս խնդիրները կարգավորելու եւ տեխնիկական զննության գործընթացի նկատմամբ վերահսկողությունը բարձրացնելու նպատակով Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը օրենքի նախագիծ է մշակել եւ այն քննարկման դրել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախարարությունն առաջարկում է տեխզննման կտրոնի տրամադրման պահանջը հանել, իսկ վերահսկողությունը իրականացնել էլեկտրոնային շտեմարանի եւ արատորոշման քարտի միջոցով:
Ըստ նախարարության` տեխզննման կտրոնի արատորոշման քարտը ներառում է անհրաժեշտ ինֆորմացիան մեքենայի, տեխնիկական զննության, ինչպես նաեւ կրկնակի տեխնիկական զննության անցնելու վայրի, օրվա, ժամի, տեխնիկապես սարքին ճանաչվելու կամ հայտնաբերված թերությունների վերաբերյալ: Այս գերատեսչությունը վստահ է, որ այս տեղեկությունները բավարար են տեխնիկական զննություն անցնելու կամ չանցնելու վերաբերյալ վերահսկողություն իրականացնելու համար: Արատորոշման քարտը լրացվում է էլեկտրոնային եղանակով եւ պահպանվում էլեկտրոնային շտեմարանում: Այսինքն` հնարավոր կլինի վերահսկել առանց մեքենան կանգնեցնելու:
Տեխնիկական զննության պահանջների որոշ մասը պարտադիր կլինեն ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների եւ մինչեւ 3500 կգ առավելագույն ընդհանուր զանգված ունեցող բեռնատար մեքենաների համար: Իսկ նոր թողարկվածների դեպքում առաջին զննությունը` երեք տարի, երկրորդը` 2 տարի հետո, ապա տարին մեկ պարբերությամբ: Ամբողջ ծավալով կստուգվեն միայն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցները (մոտ 12000 միավոր) եւ 3500 կգ-ից ավել ընդհանուր զանգված ունեցող բեռնատար, հատուկ եւ մասնագիտացված մեքենաները տարվա մեջ մեկ անգամ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արգելակային համակարգի եւ ղեկային կառավարման հետ կապված հայտնաբերված թերությունները կամ անսարքությունները վերացնելուց հետո պարտադիր պետք է կրկնակի տեխզննում անցնի մեքենան: Իսկ մյուս դեպքերում արատորոշման քարտում եւ էլեկտրոնային շտեմարանում կլրացվեն անսարքությունները:
ՏԿՏՏՆ-ն վստահ է, որ այս ամենի արդյունքում կբացառվի վարորդների կողմից տեխնիկական զննության կտրոն ձեռք բերելու եւ առանց տեխզննման կայան ներկայանալու, հողմապակուն փակցնելով մեքենաների շահագործումը:
Ավելին` վերահսկողություն կիրականացվի ոչ թե կտրոնի առկայության կամ բացակայության, այլ մեքենայի փաստացի տեխզննում անցնելու կամ չանցնելու նկատմամբ: Բացի վարորդներին վարչական պատասխանատվության ենթարկելուց, կտուգանվեն նաեւ կայանները` տեխնիկական զննության գործընթացը սահմանված կարգով չիրականացնելու համար:
Նշենք, որ տեխնիկական զննություն չանցած կամ տեխզննման արդյունքում անսարք ճանաչված մեքենան վարելը առաջացնում է տուգանքի նշանակում` 20 հազար դրամի չափով: Տեխզննում չանցկացնելը կամ տեխնիկական անսարքություն ունեցող մեքենան տեխնիկապես սարքին ճանաչելը առաջացնում է տուգանքի նշանակում տեխնիկական զննության կայանի ղեկավարի նկատմամբ` ընդհուպ մինչեւ լիցենզիայի գործունեության դադարեցում:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ