Ընդդիմադիրներին նոր լիազորություն տալու նախագիծն արդեն կառավարությունում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում ընդդիմադիր ներկայացուցիչներ ունենալու նախագիծն արդեն կառավարությունում է:

Նշենք, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նախագիծ էր ներկայացրել` երկու կառույցների կազմավորման կարգի վերաբերյալ, ու, ըստ մեր տեղեկությունների, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը եւս իր առաջարկությունն է ուղարկել կառավարություն` այդ հարցի հետ կապված:

Հիշեցնենք, որ դեռեւս ապրիլի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցություններին` «Բարգավաճ Հայաստան»-ին ու «Լուսավոր Հայաստան»-ին, առաջարկել էր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում ընդգրկվելու համար ներկայացուցիչներ առաջադրել, սակայն ընդդիմադիր խմբակցություններից ԲՀԿ-ն թեկնածուի փոխարեն այդ ոլորտների հետ կապված օրենսդրական նախագիծ է ներկայացրել:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրեց, որ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ է ներկայացրել խորհրդարան, որի համաձայն` 7 անդամից 3-ը պետք է առաջադրի ընդդիմությունը: Նրա փոխանցմամբ` ՀԾԿՀ-ն 5 անդամ ունի, եւ հիմա ԲՀԿ-ն առաջարկում է` 5 հոգուց 2-ը լինեն ընդդիմադիր խմբակցություններից:

Մեր զրուցակիցն ասաց, որ կառավարությունը հաստատելու դեպքում նախագիծն ուղարկելու է խորհրդարան հանձնաժողովում քննարկելու համար: Պատգամավորը հույս ունի, որ այն դրական եզրակացություն է ստանալու, քանի որ երկու կառույցներում էլ անհրաժեշտ է ունենալ ընդդիմության ներկայացուցիչներ: Մեր զրուցակիցը հավելեց նաեւ, որ կառավարությունը կհամադրի իր ուղարկած ու ԱԺ նախագահի ուղարկած նախագծերը ու կներկայացնի վերջնական արդյունք, որը կկարողանա հանձնաժողովներում լուծել բոլոր հարցերը:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս