Էդ մի ընտրակեղծարա՞րն էր. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ն բացահայտել է, որ 2017թ. ԱԺ ընտրություններում Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում ՀՀԿ-ի օգտին ընտրակաշառք է բաժանվել: Ըստ պաշտոնական հաղորդագրության` պարզվել է, որ Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի նախկին ղեկավարը եւ ֆինանսական բաժնի նախկին պետը 2017 թվականի հունվարից մարտ ամիսների ընթացքում մի խումբ անձանց 10 հազար դրամ ընտրակաշառք են բաժանել ու տրամադրել պետպատվերի շրջանակներում անվճար բժշկական օգնություն ստանալու ուղեգրեր՝ քաղաքացիներից պահանջելով մասնակցել 2017 թվականի ապրիլի 2-ի ՀՀ ԱԺ ընտրություններին եւ քվեարկել Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Ուլիխանյանի պատգամավորության թեկնածու եղբոր` Ղուկաս Ուլիխանյանի օգտին։

Դժվար չէ կռահել, որ ընտրակաշառքի դեպքը բացահայտվել է միանգամայն այլ դրվագով հարուցված քրեական գործի շրջանակներում. հիշում եք` Նոր Նորքի նախկին թաղապետի պաշտոնավարման տարիներին չարաշահումների վերաբերյալ վերջերս գործ էր հարուցվել:
Սա նշանակում է, որ թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց էլ իշխանություններն իրենց առաջ խնդիր չեն դրել բացահայտելու 2017թ. ԱԺ ընտրություններում ընտրակաշառք բաժանելու դեպքերը:

Այլապես այս ընթացքում կբացահայտվեր, որ ընտրակաշառք բաժանվել է ոչ միայն Նոր Նորքում ու ոչ միայն Ղ. Ուլիխանյանի օգտին, այլ դա եղել է համատարած երեւույթ երկրով մեկ: Ի վերջո, հիշում եք` 2017թ. ԱԺ ընտրություններում Հայաստանում համատարած ընտրակաշառքի գետեր էին հոսում հայտնի կուսակցությունների հիմնական թեկնածուների օգտին:

Սրանք ոչ թե «օդում կախված լուրերի» մակարդակով խոսակցություններ են, այլ համապատասխան փաստեր` ամրագրված միջազգային դիտորդների զեկույցներում, նաեւ ՀՀ ՍԴ որոշման մեջ: Եթե մոռացել եք, հիշեցնենք ՍԴ որոշումից մեկ հատված. «ՀՀ հանրային իշխանությունների առաջնային խնդիրն է հաղթահարել մտահոգությունները, որոնք հայտնվեցին միջազգային եւ տեղական առաքելությունների կողմից, մասնավորապես՝ քաղաքական կոռուպցիայի դրսեւորումների առնչությամբ։

… Խնդրի լուծումը համալիր մոտեցում է պահանջում, այդ թվում՝ ՀՀ ԸՕ հետագա բարեփոխումների ճանապարհով, որի միջոցով հնարավոր կլինի հաղթահարել ընտրական գործընթացում քաղաքական կոռուպցիայի դրսեւորման իրավական ռիսկերը»:

Այնպես որ, փաստենք` նախկինում ընտրակեղծարարություն կատարած անձանց պատժելու խնդիրը շարունակում է մնալ օրակարգում` անկախ այն հանգամանքից, որ թավշյա հեղափոխությունից հետո համապետական ընտրություններն անցկացվեցին` միջազգային չափանիշներին համապատասխան, եւ դրանց արդյունքներն ընդունեցին բոլորը, այդ թվում` պարտված ուժերը:




Լրահոս