Այս պահին զինհաշմանդամն իր անչափահաս երեխաների հետ հացադուլ է անում Պաշտպանության նախարարության առջև. ահազանգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ArmLur.am-ի խմբագրություն ահազանգեցին Ալումյանների ընտանիքի անդամները. նրանք այս պահին հացադուլ են հայտարարել և գտնվում են ՀՀ պաշտպանության նախարարության դիմաց:

Ըստ ահազանգողի` Գայանե Ալումյանի, ինքը և իր երկու անչափահաս քույրն ու եղբայրը հացադուլ են հայտարարել, քանի որ նախարարությունից ամիսներ շարունակ խոստացել են իրենց մտահոգությանը լուծում տալ, սակայն դեռևս որևէ շարժ չկա:

Խնդրի մասին մանրամասնեց ընտանիքի հայրը` 41-ամյա զինհաշմանդամ Մխիթար Ալումյանը: Վերջինիս փոխանցմամբ` 7 ամիս առաջ դիմել է նախարարություն` աշխատանքի կամ գոնե ֆինանսական օժանդակության խնդրանքով, սակայն խոստումները մնացել են օդից կախված:

«Ամսի 17-ին ինքնահրկիզման փորձ արեցինք նույնիսկ: Նախարարի մակարդակով խոստացան օգնել ընտանիքիս: Ասացին` մինչև երկուշաբթի սպասի: Ու կրկին խաբեցին: 5 երեխա ունեմ, որոնցից 3-ը հաշմանդամ են, կինս հաշմանդամ է: Ինձ ուղեգիր են տվել Մուրացանում բուժվելու համար, բայց աշխատանք եմ փնտրում, բուժումներս հետաձգել եմ: Բա էրեխեքիս ո՞վ պահի, որ ես անցնեմ բուժվելու: Արդեն 7 ամիս է` նախարարությունը խոստանում, բայց ոչինչ չի անում: Մի քանի օրիս երեխայիս վերջին զանգն է, գոնե աշխատանքով օգնեին, ամեն բան պատրաստ եմ անել…»,- ասաց Ալումյանը:




Լրահոս