Երբ կկայացվի Քոչարյանի գործով որոշումը՝ վեց ամսի՞ց, թե՞ ավելի շուտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին պարզ դարձավ, որ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կասեցրել է «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալների՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գեւորգյանի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի եւ ՀԱՊԿ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը։ Այս գործն ուղարկվել է նաեւ Սահմանադրական դատարան՝ սահմանադրական կարգի տապալման հոդվածի սահմանադրականությունը որոշելու համար, ինչպես նաեւ խոսքը վերաբերում է նախագահի անձեռնմխելիությանը։

Հատկանշական է, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները բազմիցս են հայտարարել, որ այս հոդվածը չի կարող տարածվել այժմյան մեղադրյալների վրա, քանի որ 2008 թվականին այն նման հանցակազմով գոյություն չի ունեցել, եւ միայն 2009 թվականի օրենսգրքում փոփոխությունների արդյունքում է այս հոդվածը ներառվել օրենքում։

Սակայն ներկայիս իշխանություննը պնդում էին, թե դա սահմանադրականության հետ կապ չունի, եւ 2008 թվականին եւս այդ մեկնաբանությունը եղել է նույն քրեական օրենսգրքում, սակայն այլ հոդվածի ներքո։ Ըստ այդմ, դատարանը նշում է,որ դատական քննության այդ փուլում առկա է Քրեական օրենսգրքի հին՝ 300 ու 2009-ին փոփոխված Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածների եւ Սահմանադրության 72, 73 և 79 հոդվածների միջեւ առկա է անհամապատասխանության կասկած, եւ անհրաժեշտություն կա պարզելու դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը։

Ինչեւէ, այս տեղեկության հրապարակումից հետո «Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանն էլ հայտարարել էր, որ իր վստահորդների անունից առաջին հերթին տուժողների մասնակցային իրավունքի շարունակական խախտումների հիմքով բողոքարկելու է այս որոշումը Վերաքննիչ դատարանում:

Երեկ, սակայն, Վահե Գրիգորյանը հայտնեց, որ, ըստ էության, այլեւս չեն կարող բողոքարկել այս որոշումը, քանի որ համապատասխան միջոցներն արգելափակված են։ Նա մասնավորապես հայտնել է․«Դատավոր Դ․Գրիգորյանի ընդունարանից տեղեկացա, որ բողոքարկման ենթակա եւ դեռ չբողոքարկված որոշումն արդեն իսկ ի կատար է ածվել, եւ քրեական գործն ուղարկվել է Սահմանադրական դատարան՝ ապօրինաբար եւ քրեական դատավարության կանոնների կոպտագույն խախտումներով դատավարության բոլոր կողմերին զրկելով այն բողոքարկելու հնարավորությունից։ Քրեական գործն իր ողջ նյութերով հանդերձ ՍԴ ուղարկելով` մեր բողոքարկման իրավունքը, փաստացի, այլեւս դադարել է, քանի որ առանց քրեական գործի նյութերի Վերաքննիչ քրեական դատարանը մեր բողոքը լսել չի կարող»։

Եվ փաստաբանը նաեւ բարձրաձայնել է այն հարցը, որ այսպիսով Սահմանադրական դատարանը պետք է քննության չառնի նյութը, քանի որ խախտվել են տուժողի եւ մեղադրող կողմի իրավունքները։

Սակայն ուսումնասիրելով նման դեպքերում ՍԴ պրակտիկան` պարզ է դառնում, որ գրեթե չի եղել այնպիսի դեպք, երբ դատարանի կողմից օրենքի մեկնաբանման վերաբերյալ ուղարկված հայցը քննության չառնվի։ Դա կարող է լինել այն հազվադեպ դեպքում, երբ Սահմանադրական դատարանը գտնի, որ այդտեղ սահմանադրականության մեկնաբանման որեւէ խնդիր չկա, եւ ՍԴ-ն այդտեղ գործառույթ չունի անելու։ Սակայն այս դեպքում նման սցենարը քիչ հավանական է, քանի որ դատավոր Գրիգորյանը հենց այդ փաստերն է իր որոշման հիմքում դրել:

Եվ այժմ մեկ ամսվա ընթացքում Սահմանադրական դատարանը կհրապարակի՝ հարցը քննության առնում է, թե ոչ։ Արդեն դրանից հետո գործում է առավելագույնը վեց ամիս ժամկետը, եւ Սահմանադրական դատարանն այս գործով որոշում կկայացնի հենց վեց ամսվա ընթացքում։ Իսկ դա էլ իր հերթին ենթադրում է, որ մինչ որոշման հրապարակումը գործով մեղադրյալները, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը, լինելու են ազատության մեջ, քանի որ գործը կասեցված է, եւ գործով որեւէ այլ գործողություն չի կարող իրականացվել։ Արդեն ՍԴ-ի որոշումից հետո նոր պարզ կլինեն հետագա անելիքները։

Նկատենք, որ վեց ամիսն առավելագույն ժամկետն է, եւ չի բացառվում, եւ նաեւ հավանական է, որ ավելի շուտ որոշում կայացվի՝ հաշվի առնելով այս գործի վերաբերյալ հասարակական հետաքրքրությունը: Ի վերջո, այս գործը լուրջ իրադարձությունների առիթ հանդիսացավ: Նկատենք, որ ՍԴ-ում գործի քննությունն ընթանալու է գրավոր ընթացակարգով եւ փակ ռեժիմով։ Այնպես որ, հետաքրքիր է՝ ինչ որոշում է կայացնելու նախկին ՀՀԿ-ական Հրայր Թովմասյանի գլխավորած Սահմանադրական դատարանը:

Հ.Գ. երեկ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացրել է, որ դատախազությունը բողոքարկելու է գործի վարույթը կասեցնելու՝ դատավորի որոշումը:

«Չնայած այն հանգամանքին, որ, օրենսգրքի 427-րդ հոդվածի առաջին մասի համաձայն, առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտն ուժի մեջ է մտնում կայացման պահից, սակայն նույն օրենսգրքի 376.1 հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանների՝ գործով վարույթը կասեցնելու որոշումները վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են»,- ասել է նա՝ տեղեկացելով, որ դիմելու են ՀՀ վերաքննիչ դատարան:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս