«Կշարունակեմ պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի դատավոր։ Հաշվի առնելով այն, որ փաստվեցին ձևավորված իրողությունները, ես անհնարին համարեցի իմ հետագա պաշտոնավորումը որպես Սահմանադրական դատարանի փոխնախագահ»,- ՍԴ նախագահի ընտրությունից հետո լրագրողներին ասել է ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը, ով նույնպես ՍԴ նախագահ թեկնածուներից թվում էր։
Նա՝ ՍԴ փոխնախագահի պաշտոնից հրարվերը համարում է միանգամայն տրամաբանական։
Հիշեցնենք՝ այսօր տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստ, որի օրակարգում ՍԴ նախագահի ընտրության հարցն էր։ Աշխատակարգային նիստում որպես ՍԴ նախագահի թեկնածու առաջադրվել են ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանի և ՍԴ դատավոր Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունները: Գաղտնի քվեարկության արդյունքով թեկնածուներից ոչ մեկը չի ստացել ընտրվելու համար անհրաժեշտ թվով կողմ ձայներ։ Օրենքով սահմանված կարգով անցկացվել է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլ, որի արդյունքներով ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիրմիր Վարդանյանը, ով եղել է ՔՊ կուսակցության անդամ։
Էդգար Շաթիրյանն ասել է, որ առնվազն այսօրվա մասով ընտրության ելքն իր համար անկանխատեսելի չէր։
«Ես ընդամենը մի նախադասություն կասեմ ու սրանով կավարտեմ՝ արդյո՞ք սա էր 2020 թվականի հունիսին տեղի ունեցած Սահմանադրության փոփոխության վեջնանպատակը։ Ես չեմ ուզում հավատալ սրան անձնապես, բայց առկա իրողությունները ստիպում են հաշվի նստել դրանց հետ։ Այլ խոսքերով, շուրջ 6 ու կես տարի անց ունեցանք դարձ ի շրջանս յուր»։
Հարցին՝ տեղեկություններ ունե՞ր իշխանական ճնշումների մասին, նա պատասխանել է. «Անվազն իմ մասով, իմ տեսակը հաշվի առնելով, ինձ փոքրիշատ ճանաչողները կփաստեն, որ ես ճնշվողներից չեմ։ Ավելի քան 6 տարի պաշտոնավարում եմ որպես դատավոր, իմ գործունեության և իմ անձի մասով երբեք ճնշում չի եղել, չկա, չի էլ կարող լինել»։




























