Ինչպես հայտնի է, այսօր պիտի մեկնարկեր Ազգային Ժողովի հերթական քառօրյան, սակայն առաջին նիստը հետաձգվելու է, որովհետեւ «Հայաստանի հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով մայիսի 28-ը նշվում է որպես Հանրապետության տոն՝ ի պատիվ Հայաստանի առաջին Հանրապետության: ԱԺ աշխատանքները կսկսվեն չորեքշաբթի օրվանից, եւ պատգամավորների համար այն լինելու է գերհագեցած գրաֆիկով: Օրակարգում ընդգրկված է լինելու 22 հարց:
Քննարկվելու է ԱԺ փոխխոսնակներ Լենա Նազարյանի եւ Ալեն Սիմոնյանի մշակած նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը` 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին: Օրակարգում ընդգրկված են լինելու նաեւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախագիծը` ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին: ՀՀ կառավարության ներկայացրած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծը, ինչպես նաեւ «Տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը:
Նշենք նաեւ, որ, ըստ էության, չորեքշաբթի օրը նիստը կիսատ կմնա, որովհետեւ ժամը 4-ից մեկնարկելու է կառավարության հետ հարցուպատասխանը: