2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 04.06.2019 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու` հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը:
Նշենք, որ Զաքար Հովհաննիսյանը մարտի 1-ի 10-ը զոհերից մեկն է: 2011 թվականին Հատուկ քննչական ծառայության տարածած իրազեկում-զեկույցից տեղեկանում ենք, որ Զաքար Հովհաննիսյանը 2008թ. մարտի 2-ին` ժամը 02-ին, անհայտ անձինք անգիտակից վիճակում Երեւանի թիվ 3 կլինիկական հիվանդանոց են տեղափոխել Զաքար Հովհաննիսյանին` որովայնի հրազենային վնասվածքով: Վիրահատության ընթացքում Զաքար Հովհաննիսյանը մահացել է: (…)
Դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն, Զաքար Հովհաննիսյանի դիակի վրա հայտնաբերվել է հրազենային մուտքի անցք որովայնի առաջնային մակերեսին (…), մահվան պատճառ է հանդիսացել արյան սուր կորուստը:
Դիահերձման ժամանակ Զաքար Հովհաննիսյանի մարմնից հանվել է 9 մմ տրամաչափի 1 գնդակ: (…)
Դատաձգաբանական փորձաքննության եզրակացության համաձայն, Զաքար Հովհաննիսյանի դիակից հանված գնդակը գործարանային արտադրության 9 մմ տրամաչափի փամփուշտի մաս կազմող կրակված գնդակ է: Այս տեսակի փամփուշտները նախատեսված են «ՊՄ» եւ «ԱՊՍ» ատրճանակների համար: (…)
Կատարված նախաքննությամբ պարզվել է, որ 2008թ. մարտի 1-ին` ժամը 23-ի սահմաններում, Զաքար Հովհաննիսյանը եւ վերջինիս ընկեր, «Գույնի» մականունով Արմեն Ավետիսյանն ալկոհոլ օգտագործած վիճակում գնացել են զանգվածային անկարգությունների կատարման վայր: Ժամը 00-ից 01-ի սահմաններում զանգվածային անկարգության մասնակիցների հետ Զաքար Հովհաննիսյանը գտնվել է Մաշտոցի պողոտայի մոտակայքում, որտեղ էլ ստացել է հրազենային վնասվածքը, իսկ Արմեն Ավետիսյանը, նրան թողնելով անօգնական վիճակում, դեպքի վայրից դիմել է փախուստի, իսկ Զաքար Հովհաննիսյանը քննությամբ չպարզված անձանց կողմից տեղափոխվել է հիվանդանոց:
Չնայած Արմեն Ավետիսյանը, որը մեկ ու կես տարի խուսափում էր նախաքննական մարմնին ներկայանալուց, հերքել է Զաքար Հովհաննիսյանի հետ զանգվածային անկարգությունների կատարման վայր գնալու եւ վերջինիս վնասվածքներ ստանալուն ականատես լինելու հանգամանքը, վերոգրյալը հիմնավորվել է հարցաքննված շուրջ 15 անձանց (…) ցուցմունքներով, քրեական գործի այլ նյութերով: Զաքար Հովհաննիսյանի քույրը` Մարիամ Հովհաննիսյանը, ճանաչվել է տուժողի իրավահաջորդ եւ ցուցմունք է տվել այն մասին, որ եղբոր մահվան հանգամանքների մասին որեւէ տեղեկություն չունի: Ըստ օպերատիվ-հետախուզական տվյալների՝ Զաքար Հովհաննիսյանը զանգվածային անկարգությունների կատարմանը ներգրավվել է Արմեն Ֆարմանյանի կողմից: