ՓԲ ընկերության առաջատար հաշվապահին մեղադրանք է առաջադրվել համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է ՓԲ ընկերությունում առանձնապես խոշոր չափերով խարդախություն, յուրացում և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել ընկերության առաջատար հաշվապահին:

Նախնական քննության տվյալներով՝ «Էներգաչափ» ՓԲ ընկերության առաջատար հաշվապահը, հասանելիություն ունենալով և տիրապետելով ընկերության դրամաշրջանառության վերաբերյալ տեղեկություններին, 2017թ. հունվարի 16-ից 2018թ. հոկտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում ընկերության բանկային հաշիվներից խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 12.185.747 ՀՀ դրամ, յուրացմամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 4.980.000 ՀՀ դրամ և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ 13.600.000 ՀՀ դրամ գումարներ:

Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է հափշտակության և յուրացման մեխանիզմը:
Այսպես՝ ընկերության առաջատար հաշվապահը, «Էներգաչափ» ՓԲ ընկերության խորհրդի նախագահի վստահությունը չարաշահելու միջոցով, ընկերության բանկային հաշվից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դիտավորությամբ, այդ հաշվի սպասարկման համար նախատեսված «օնլայն բանկինգ» համակարգի միջոցով կազմել և 2017թ. հունվար և նույն թվականի հուլիս ամիսներին ՓԲ ընկերության խորհրդի նախագահի հաստատմանն է ներկայացրել համապատասխանաբար 6.691.239 և 5.494.508 ՀՀ դրամ գումարի վճարման հանձնարարականներ, որոնց վճարման նպատակը տողում խաբեությամբ լրացրել է իբրև եկամտային հարկ, իսկ որպես գումարը ստացողի հաշիվ՝ այլ բանկում ունեցած իր անձնական հաշվեհամարը:

ՓԲ ընկերության խորհրդի նախագահը, վստահելով հաշվապահին, վճարման հանձնարարականում ուսումնասիրել է միայն վճարման նպատակը, «օնլայն բանկինգ» համակարգի միջոցով հաստատել նշված վճարումը, որի արդյունքում «Էներգաչափ» ՓԲ ընկերության բանկային հաշվից առաջատար հաշվապահի բանկային հաշվին է փոխանցվել առանձնապես խոշոր չափերով ընդհանուր 12.185.747 ՀՀ դրամ գումար, որը նա խարդախությամբ հափշտակել է, կանխիկացրել և օգտագործել իր անձնական կարիքների համար:

Բացի այդ, ընկերության առաջատար հաշվապահը, լիազորված լինելով ՓԲ ընկերության անունից հանդես գալ հարկային և այլ մարմիններում, հնարավորություն ունենալով ինքնուրույն կատարել գործողություններ, այդ թվում՝ ներկայացնել ու ստանալ փաստաթղթեր, ընկերության հարկային գերավճարներից յուրացմամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դիտավորությամբ, 2018թ. փետրվարին դիմել է հարկային տեսչություն` գերավճարների գումարից 5.000.000 ՀՀ դրամ ՓԲ ընկերության բանկային հաշվին հետ փոխանցելու խնդրանքով:

2018թ. փետրվարի 26-ին հարկային մարմնի կողմից նշված փոխանցումը կատարվել է, որից հետո հաշվապահը յուրացման եղանակով, նույն բանկային հաշվից իր անձնական բանկային հաշվին փոխանցումներ կատարելով և գումարը կանխիկացնելով, հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 4.980.000 ՀՀ դրամ գումար, որից 4.800.000 ՀՀ դրամը փոխանցել է իբրև եկամտային հարկ, իսկ 180.000 ՀՀ դրամը՝ իբրև աշխատավարձ:

Այնուհետև առաջատար հաշվապահը, «Էներգաչափ» ՓԲ ընկերության բանկային հաշվից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դիտավորությամբ, 2018թ. հոկտեմբերին գնացել է նշված ընկերության գրասենյակ և օգտվելով ՓԲ ընկերության խորհրդի նախագահի աշխատասենյակի դռան բաց լինելու հանգամանքից` վերջինիս աշխատասեղանի վրայից վերցրել է ընկերության բանկային հաշվի սպասարկման «օնլայն բանկինգ» համակարգի հասանելիության էլեկտրոնային կրիչը, որի միջոցով նույն օրն իր աշխատանքային համակարգչի օգտագործմամբ հասանելիություն է ստացել ընկերության բանկային հաշվին, դրամական փոխանցում կատարել իր անձնական բանկային հաշվին` նշված կրիչով հաստատելով փոխանցումը, այդ կերպ ընկերությունից հափշտակելով առանձնապես խոշոր 13.600.000 ՀՀ դրամ գումար: Այնուհետև, հանցագործությունն ավարտին հասցնելու, այն է՝ մինչև գումարի կանխիկացումը դրա փոխանցման հանգամանքը թաքցնելու նպատակով, փոփոխել է էլեկտրոնային կրիչի գաղտնաբառը և այն թողել վերջինիս աշխատասեղանին, իսկ հափշտակված 13.600.000 ՀՀ դրամը նույն օրը նա իր բանկային հաշվից կանխիկացրել և օգտագործել է անձնական կարիքների համար:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ «Էներգաչափ» ՓԲ ընկերության առաջատար հաշվապահին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:




Լրահոս