Ծխեք, խմեք ու կերեք՝ ինչ ուզում եք․ Նորվեգիայի առողջապահության նախարարը չի պատրաստվում մարդկանց սովորեցնել՝ ինչպես ապրեն. New York Times

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թերևս, սա ամենաանսպասելի հայտարարությունն էր, որ կարելի է լսել առողջապահության ոլորտի աշխատակցից։ Ինչպես տեղեկացնում է New York Times լրատվականը, նորվեգական NRK ռադիոկայանին տրված իր հարցազրույցում Նորվեգիայի առողջապահության նախարար Սիլվի Լիսթհյոուգը նշել է, որ չի կարելի քաղաքացիներին արգելել ծխել, ալկոհոլ օգտագործել կամ չափավորել օգտագործվող մսի քանակությունը։

“Հանրային առողջապահության վերաբերյալ իմ հայացքները շատ պարզ են։ Ես չեմ պատրաստվում հոգևոր առաջնորդ լինել կամ մարդկանց սովորեցնել՝ ինչպես ապրեն։ Ես պատրաստվում եմ տրամադրել նրանց բավարար տեղեկատվություն՝ ընտրություն կատարելու համար։ Իմ կարծիքով, մարդկանց պետք է թույլ տալ ծխել, ալկոհոլ օգտագործել և ուտել այնքան միս, որքան նրանք ուզում են։ Իշխանության պարտքն է վնասակար սովորությունների վերաբերյալ նրանց տեղեկացվածությունն ապահովելը, բայց մարդիկ, որպես կանոն, իրենք գիտեն՝ ինչն է օգտակար, ինչը՝ ոչ”։

Սիգարետի դեմ պայքարը մեկնաբանելիս Լիստհեուգը ընդգծել է, որ խելամիտ չի համարում սիգարետի տուփերի վրա վնասի վերաբերյալ նկարներ տեղադրելը՝ չնայած այն հանգամանքին, որ ծխելը վնասակար սովորույթ է։ Նախարարը հավատում է․ չափահասները պետք է իրենք որոշեն, ինչ անել։

Ինչպես նշում է BBC-ն, նախարարը համոզմունք է արտահայտել, որ կառավարության գործառույթների մեջ մտնում է ոչ թե քաղաքացիներին «կյանք սովորեցնելը», այլ ընտրություն կատարելու համար բավարար տեղեկատվություն տրամադրելը։

«Միակ բանը, որ մենք՝ որպես կառավարություն, պետք է անենք, տեղեկատվություն տրամադրելն է, որպեսզի մարդիկ կարողանան տեղեկացված ընտրություն կատարել։ Այդ իսկ պատճառով մենք պետք է, ի թիվս այլ բաների, ծխախոտի դեմ պայքարի նոր ռազմավարություն մշակենք, ինչը թույլ կտա կանխել երիտասարդների շրջանում սիգարետի տարածումն ու չափահաս բնակչության մոտ ծխելը թողնելու ցանկություն առաջացնել»:

Համացանցում նախօրեին հայտնվել էր ծխող նախարարի լուսանարը՝ «Նա թողել է ծխելը, բայց երբեմն ծխում է տոնախմբությունների ժամանակ» մեկնաբանությամբ։

Հիշեցնենք, որ Նորվեգիայում ծխում է բնակչության ընդամենը 12%-ը (Հայաստանի Հանրապետությունում վիճակագրությունն այլ է․ ծխողները կազմում են բնակչության 55%-ը):

Մայիսի 3-ին Նորվեգիայի առողջապահության նախարար նշանակված Սիլվի Լիստհյոուգը երկրի ամենահայտնի քաղաքական գործիչներից է՝ հայտնի այլընտրանքային ու առաջադեմ հայացքներով ու ոչ ավանդական մոտեցմամբ տարատեսակ քաղաքական խնդիրներին։
2013-2015 թվականներին «Առաջընթաց» կուսակցության անդամ Լիստհյոուգը զբաղեցրել է գյուղատնտեսության նախարարի, 2015-2018 թթ․՝ ներգաղթի ու ինտեգրացիայի նախարարի, 2018 թվականի հունվարից մարտ ամիսներին՝ արդարադատության ու հանրային անվտանգության նախարարի պաշտոնները։




Լրահոս