Արամուսի բնակիչները չեն վճարի սպառած էլեկտրաէներգիայի վարձը. ինչ խնդիր է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կոտայքի մարզի Արամուս գյուղի բնակիչները տեւական ժամանակ է` «պայքարում» են այնտեղ գործող քարի արտադրամասի դեմ: Այս թեմայի շուրջ նրանք դիմել են «Ժողովուրդ» օրաթերթին:

Բնակիչների պատմելով` գյուղի վարչական տարածքում գործող քարի արտադրամասի աշխատանքի ընթացքում իրենց էլեկտրաէներգիան տատանվում է: Դրա հետեւանքով փչանում է կենցաղային տեխնիկան:

«Մենք բազմիցս դիմել ենք «Հայաստան էլեկտրական ցանցեր» ընկերությանը, որպեսզի կամ մեզ կամ էլքարի արտադրամասին տրամադրեն առանձին ենթակայան: Ի վերջո, պետք է ունենանք կայուն, հաստատուն էլէներգիա ամեն ամիս պարտաճանաչ վճարում ենք սպառած էլէներգիայի դիմաց: Մենք գազի կաթսաներին դրել ենք հատուկ ապահովիչներ, որ ամեն տատանվելուց դրանք չփչանան:

Իրենց սարքերի ամեն միացնելուց ոչ միայն լույսն ենք տեսնում, որ թուլանում է, այլեւ գազի կաթսայի վրա դրված ապահովիչն է ճտճտում»,- իրավիճակը ներկայացրեց Արամուսի բնակիչ Զորիկ Բդոյանը: Արամուսի մեկ այլ բնակիչ փոխանցեց, որ էլէներգիայի տատանումների հետեւանքով փչացել է կա՛մ սառնարանը, կա՛մ հեռուստացույցը: Իհարկե, ՀԷՑ-ը փոխհատուցում տվել է:

Պարզվում է`բնակիչները պարբերաբար դիմել են ՀԷՑ-ին. «Լսել էինք, որ 2018 թվականի ընթացքում պետք է տրամադրեին ենթակայան, բայց չեղավ»:

Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում բնակիչները հայտարարեցին նաեւ, որ եթե հարցը չլուծվի, ապա իրենք կհրաժարվեն վճարել սպառած էլէներգիայի վարձավճարը: «Այդ տատանումներին մենք ականատես ենք լինում ամեն օր` առավոտից մինչեւ երեկո: Մենք հասկանում ենք, որ աշխատատեղ է, գյուղից մարդիկ կան աշխատում են, բայց մեր հարցն էլ է կարեւոր»,- նկատեց զորիկ Բդոյանը:

Այս խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ Արամուսի գյուղապետ Հրայր Նիկողոսյանի հետ, որն արձագանքեց`նշելով, որ բնակիչների մտահոգությունը փոխանցել են ՀԷՑ-ին. «Այս խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է:

Հետողական կլինենք»: Իսկ ՀԷՑ մամուլի խոսնակ Նատալիա Սարջանյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց հետեւյալը. «Մեր մասնագետները խնդրին տիրապետում են, այս պահին էլ այդ հատվածում ներդրումային ծրագրի շրջանակում աշխատանքներ են ընթանում, դա էլ է ներառվելու»: Խոսքը կայմային ենթակայանի տեղադրման մասին է: Ինչեւէ, սպասենք զարգացումներին:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս