ՀԱՐՑ. Խնդրում եմ տեղեկացնել, թե ինչ կարգով է իրականացվում անվան փոխման պետական գրանցումը, ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ դրա համար: Նաեւ կուզեի տեղեկանալ, թե ինչ ժամկետում է կատարվում անվան փոխման պետական գրանցումը, եւ որքան է կազմում պետական տուրքի դրույքաչափը:
Ատոմ Ավանեսյան, (43 տարեկան, մանկավարժ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տասնվեց տարին լրացած անձն իրավունք ունի սահմանված կարգով փոխելու իր անունը, որը ներառում է անունը, հայրանունը եւ ազգանունը: Մինչեւ 16 տարեկան երեխաների անվան փոխման մասին դիմումը տրվում է նրա ծնողի /ծնողների/ կամ օրինական ներկայացուցիչների կողմից: 10 տարին լրացած երեխայի անվան փոխման դեպքում անհրաժեշտ է նրա համաձայնությունը։
Անվան փոխման գրանցման համար պետք է ներկայացվեն դիմում (դիմումի ձեւանմուշը կարող եք ձեռք բերել ՀՀ արդարադատության նախարարության կայքից` www.moj.am հասցեով, կամ ՔԿԱԳ մարմնից), դիմողի անձը հաստատող փաստաթուղթը, տեղեկանք բնակության մասին, եթե անձնագրում բացակայում է հաշվառման մասին նշումը, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով այլ փաստաթղթեր: Անվան փոխման մասին դիմումը ՔԿԱԳ-ի տարածքային մարմնի կողմից քննության է առնվում դիմումը տալու օրվանից երկամսյա ժամկետում: Անվան, հայրանվան, ազգանվան փոխման համար գանձվում է պետական տուրք` 5000 դրամ:
Եթե անձը ցանկանում է սահմանված ժամկետից շուտ ստանալ ՀՀ արդարադատության նախարարության անվան, հայրանվան, ազգանվան փոխման վերաբերյալ եզրակացությունը, ապա կառավարության որոշմամբ սահմանված է լրացուցիչ արտաբյուջետային գումար` հետեւյալ դրույքաչափերով.
երեք աշխատանքային օրվա ընթացքում` 50 000 դրամ,
հինգ աշխատանքային օրվա ընթացքում` 30 000 դրամ,
տասը աշխատանքային օրվա ընթացքում` 20 000 դրամ։
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նկատենք, որ բազմաթիվ են այն մարդիկ, որոնք կրում են իրենց տատիկ-պապիկների անունները եւ կաշկանդվում են: Ասում են` անունը մեր ճակատագրի անբաժանելի մասն է, եւ, փոխելով այն, փոխում ես նաեւ ճակատագիրդ դեպի վատը կամ լավը: Մյուս կողմից` ավելի ծանր է այն մարդկանց համար, որոնք կրում են մահացած հարազատի անունը: Իսկ, ահա, բրազիլական ու մեքսիկական հեռուստասերիալները, բնականաբար, իրենց մեծ դերն ունեն այս գործում:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: