Քաղաքական անմշակույթ խորհրդարան. պետք է սկսել մտածել երկխոսության մասին. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովի պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի երեկվա նիստը, կարելի է ասել, քաղաքական յուրօրինակ մշակույթի դրսեւորում էր: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը համանման նախագծեր էին ներկայացրել հանձնաժողովականների քննարկմանը:

Բագրատյանն առաջարկում էր «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը, որի համաձայն` 7 անդամից 3-ը պետք է առաջադրի ընդդիմությունը, եւ «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխությունները, որտեղ էլ 5 անդամներից 2-ը պետք է լինեն ընդդիմադիր խմբակցություններից:

Իսկ Արարատ Միրզոյանը նախագծով առաջարկում էր ավելի փոքր թվով անդամներ առաջադրելու հնարավորություն տալ ընդդիմադիր խմբակցություններին:

Իհարկե, հնարավոր է պատգամավորները տեղյակ չլինեն միմյանց նախաձեռնություններից, եւ միաժամանակ նույն թեմայի մասով օրինագծեր մշակվեն: Կյանք է, կպատահի: Բայց երբ մամուլը գրեց, որ Արարատ Միրզոյանի հավատարիմները` ի դեմս նրա քավոր Վլադիմիր Վարդանյանի եւ նախկին գրասենյակի ղեկավար Աննա Կարապետյանի, փորձել են Բագրատյանին համոզել հետ կանչելու նախագիծը, սակայն չի ստացվել, արդեն մտահոգիչ է:

Ինչեւէ, երեկ երկու նախագծերն էլ մտան հանձնաժողով. Բագրատյանի նախագիծը մերժվեց, ԲՀԿ եւ ԼՀԿ խմբակցությունների ներկայացուցիչներ դուրս եկան դահլիճից, եւ ԱԺ նախագահի ներկայացրած օրինագիծը քննարկվեց եւ հավանության արժանացավ բացառապես իշխանական պատգամավորների մասնակցությամբ: Համաձայնեք, այնքան էլ հետաքրքիր տեսարան չէր. իշխող ուժը միայնակ քննարկում է իր ԱԺ նախագահի օրինագիծը եւ հավանություն տալիս:

Մինչդեռ կարելի էր մի կողմ դնել նկրտումները, ընդ որում` երկու կողմերն էլ, եւ հանդես գալ միասնական նախագծով: Ինչո՞ւ. որովհետեւ շարքային ընտրողի համար միեւնույնն է` օրինագիծը ով կներկայացնի, քանի կողմ կամ դեմ ձայներով կքվեարկվի, կամ ովքեր կլինեն այդ կողմ ձայների «տերերը»: Կարեւոր է, որ ընդունված օրինագծերը բխեն բացառապես հասարակության շահերից:

Բայց քաղաքական մշակույթի տեսանկյունից կարեւոր է, որ օրենսդիր մարմնում իշխի համերաշխությունը, առավել եւս, երբ մի կողմում այդ մարմնի ղեկավարն է: Եւ որպեսզի այս բաղձալի կոնսենսուսը կայանա, ընդհանրապես, աշխարհում կա մի տարածված եւ էֆեկտիվ գործիք` երկխոսություն անունով: Շատ կարեւոր է այդ գործիքի իմացությունն ու կիրառումը: Եւ եթե այդ գործիքը լայնորեն կիրառվի նաեւ մեր օրերում, դժվար թե ատելության, թշնամանքի այս մթնոլորտը շարունակի ծաղկել: Գուցե արժե՞ սկսել մտածել այդ գործիքի մասին, որը հաստատ արդյունքներ կտա:




Լրահոս