Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի եւ «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրի աշխատակիցների միջեւ տեղի ունեցած միջադեպով քրեական գործ չհարուցվեց: ՀՀ գլխավոր դատախազությունից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ Արման Եղոյանի կողմից այդ միջադեպի կապակցությամբ հաղորդում էր ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազին, որն ուղարկվել էր ՀՀ ՀՔԾ քրեադատավարական կարգով ստուգելու նպատակով: Եվ, ըստ այդմ, նախապատրաստված նյութերով ՀՔԾ-ում կայացվել է հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում:
Չի բացառվում, որ իրավապահները, ուսումնասիրելով գործը, ներքին կարգով բացատրել են Արման Եղոյանին, որ կատարվածի մեջ մեղավորը ինքն է, եւ լավ կլինի` քրեական գործ չհարուցեն, այլ կերպ ասած, գործը փակվի, գնա: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արման Եղոյանը վստահեցրեց. «Նման բան չի կարող լինել, նման դեպքերով գործը հարուցվում է ոչ թե փաստի առթիվ, այլ բողոքի հիման վրա, տվյալ դեպքում բողոքողը ես եմ եղել փաստաթղթերով ե՛ւ ոստիկանությունում, ե՛ւ ՀՔԾ-ում, այսինքն` իմ հաղորդումն է մերժվել»: Արդյոք բողոքակելու է, թե ոչ, Եղոյանը հայտնեց, որ դեռ պաշտոնապես չի ստացել որոշումը: