Հարց քաղաքացիներից` օտարերկրյա ներդրումների իրականացման քանի ձեւ կա Հայաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ինձ տեղեկացնել, թե օտարերկրյա ներդրումների իրականացման քանի ձեւ կա Հայաստանում, եւ որոնք են դրանք:

Կարեն Սեդրակյան (41 տարեկան, գործարար)

ՊԱՏԱՍԽԱՆ. Օտարերկրյա ներդրողներն իրավունք ունեն ներդրումներ իրականացնել հետեւյալ ձեւերով.

օտարերկրյա ներդրումներին ամբողջությամբ պատկանող ձեռնարկությունների, ինչպես նաեւ օտարերկրյա իրավաբանական անձանց պատկանող բաժանմունքներ, մասնաճյուղեր եւ ներկայացուցչություններ ստեղծելու կամ գործող ձեռնարկությունները որպես սեփականություն ձեռք բերելու միջոցով,

ՀՀ իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների կամ ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ նոր ձեռնարկություններ հիմնադրելու կամ գործող ձեռնարկություններում բաժնեմաս ձեռք բերելու միջոցով,

ՀՀ օրենսդրության շրջանակներում բաժնետոմսեր, պարտատոմսեր եւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ արժեթղթեր ձեռք բերելու միջոցով, գույքային այլ իրավունքներ ձեռք բերելու միջոցով,

ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ ձեւերով, մասնավորապես` ՀՀ իրավաբանական անձանց կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիների հետ կնքված պայմանագրերի հիման վրա:

Սահմանված ձեւերի օտարերկրյա ներդրումների իրականացման արգելումը կամ սահմանափակումը կարող է կատարվել միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Իրավախորհրդատու փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ օտարերկրյա ներդրողները պաշտպանված են կառավարության անհարկի գործողություններից: Օրենքը ներդրողներին երաշխավորում է նաեւ շահույթները եւ միջոցները ազատ կերպով արտահանելու իրավունք: Այն դեպքում, երբ օտարերկրյա ներդրումների մասին օրենսդրությունը փոփոխությունների ենթարկվի ներդրումը կատարելուց հետո, ներդրողին իրավունք է տրվում հինգ տարի ժամկետով ազատվելու ցանկացած պակաս նպաստավոր դրույթներից:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս