ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե ԲԴԽ նոր անդամին զանգեն, ինչ է պատրաստվում նա անել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանը, անդրադառնալով ԲԴԽ հրաժարականների շարքին, հայտնել էր. «Այսինքն` եթե իրենք էլ հասկանային, որ լավ էին աշխատել եւ արդյունավետ, չէր լինի այս հրաժարականների շարանը, բացի այդ, չէր լինի այս կոնֆլիկտը, որ եղավ դատարանների եւ ԲԴԽ–ի միջեւ»: ԲԴԽ թեկնածուի այս հայտարարությունը դատական համակարգում զարմացրել է բոլորին, թե ինչու Բեքմեզյանը միանգամից ցեխ շպրտեց ԲԴԽ նախկին անդամների գործունեության վրա:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանի հետ` հասկանալու համար, թե ինչու այդպիսի բան արեց. ի վերջո, ԲԴԽ կազմում եղել են պրոֆեսիոնալ իրավաբաններ:

– Պարո՛ն Բեքմեզյան, ինչպես գիտենք, մամուլը հրապարակեց, որ Դուք ՀԱԿ շրջանակներից առաջադրված թեկնածու եք: Ձեր քույրն ամուսնացած է Լեւոն Տեր-Պետրոսյանի քրոջորդի Առաքել Սեմիրջյանի հետ: Արդեն պատրաստ է դատավորներին վեթթինգի ենթարկելու նախագիծը, ԲԴԽ անդամներն էլ են համարվում դատավորներ. ի՞նչ կասեք Ձեր այս կապի մասին:

-Կապը միայն ազգակցական է, եւ քաղաքական որեւէ կապ չկա: Եվ կարող եմ Ձեզ ասել, որ դա որեւէ կերպ չի կարող ազդել իմ անաչառության եւ օբյեկտիվության վրա, ինչպես ասել եմ եւ պնդում եմ:

-Իսկ եթե մյուս կողմը փորձի Ձեզ դիմել, էլի պետք է բացառե՞ք ազդեցությունը:

-Վստահ եմ այն կողմից, բացառում եմ, որպեսզի փորձեն միջամտել իմ գործունեությանը:

-Դուք, օրերս անդրադառնալով ԲԴԽ հրաժարականների շարքին, հայտնել էիք. «Այսինքն` եթե իրենք էլ հասկանային, որ իրենք լավ էին աշխատել եւ արդյունավետ, չէր լինի այս հրաժարականների շարանը, բացի այդ, չէր լինի այս կոնֆլիկտը, որ եղավ դատարանների եւ ԲԴԽ–ի միջեւ»: Ձեր այս հայտարարությունը դատական համակարգում զարմացրել է բոլորին: Ինչո՞ւ միանգամից ցեխ շպրտեցիք:

-Ազնվորեն այդ խոսակցություններից տեղյակ չեմ. եթե չեմ սխալվում, իմ կարծիքը օբյեկտիվ էր, ընդ որում` իմ կարծիքը հիմնված էր նրա վրա, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամները չէին հիմնավորել, թե ինչու էին իրականում դուրս գալիս: Հավատացեք, ես չեմ խուսափի, եթե ինքս գտնեմ, որ լավ չեմ աշխատում, ես չեմ ասում, որ իրենք լավ կամ վատ են աշխատում, ես ասել եմ այնտեղ…. Փաստորեն , ենթադրում եմ` իմ ասածները այնտեղ ինչ-որ ձեւ կիսատ են լսվել կամ խեղաթյուրել են, կամ էական չէ, միգուցե այդպես է հասկացվել, ես խնդիր չունեմ դրա հետ կապված:

Բայց վստահ եմ` եթե աշխատեմ ու լավ չաշխատեմ, ես կասեմ` կներեք, ես չկարողացա աշխատել եւ ես դուրս եմ գալիս: Ամեն դեպքում, չեմ նկատել այդպիսի արձագանք` իմ ասածի հետ կապված, չեմ ցանկացել որեւէ մեկին վիրավորել: Ամեն դեպքում, կարծիք եմ հայտնել, եւ, ըստ էության, եթե հիմնավորվեր, թե ինչու էին իրենք դուրս գալիս, միգուցե մեր պատկերացումները իրենց հրաժարակաների մասին ռեալ ու հստակ կլինեին:

-Մշտապես խոսում են դատական համակարգի անկախության մասին: Ըստ Ձեզ` եթե, օրինակ, Ձեզ ներկայացնում է իշխող խմբակցությունը, այդ դեպքում Դուք ո՞նց կարող եք ԲԴԽ անկախ անդամ լինել: Օրինակ` եթե «Իմ քայլի» պատգամավորներից մեկը Ձեզ զանգի ու ասի` գիտեք, ես Ձեզ ձայն եմ տվել, այ այս դատավորը լավ չի պահել իրեն, պատժեք կամ ազատեք աշխատանքից, ի՞նչ եք անելու. մերժելո՞ւ եք, թե՞ բավարարելու:

-Որ ինձ ճանաչեիք, նման հարց չէիք տա. բացառվում է: Դատական համակարգը պետք անկախ լինի` անկախ նրանից` ով է ընտրվում Բարձրագույն դատական խորհրդի անդամ:

– Հիմա Դուք ո՞նց անկախ պետք է լինեք. Ձեզ կոնկրետ իշխող խմբակցություն է առաջադրել:

-Ինչ-որ մեկը պետք է առաջարկեր ինձ :

-Թող դատական համակարգը առաջարկեր` չնայած գիտենք, որ դատական համակարգը օրենքով դատավորներից 5 հոգու կարող է առաջարկել ԲԴԽ անդամ: Թող գիտական մասով եւս դատական համակարգը առաջարկեր, որ ինչ-որ կերպ խոսեինք դատական իշխանության անկախության մասին:

-Այս պահի դրությամբ Սահմանադրությունը նախատեսում է Ազգային ժողովի կողմից առաջադրման տարբերակը, եւ մենք պարտավոր ենք ենթարկվել Սահմանադրությամբ նախատեսված կարգին: Դա արդեն առաջադրված թեկնածուների պրոֆեսիոնալիզմի մասին է խոսում. թե ինչանով ու որքանով են նրանք պատրաստ անկախ լինել, աշխատանքը ընթացքում ցույց կտա:

– Այսինքն` հիմա եթե ընտրվեք, ու Ձեզ զանգեն, ինչպես նախկին իշխանությունից, այնպես էլ ներկայիս իշխանությունից, մերժելո՞ւ եք իրենց ցանկացած խնդրանքը:

– Վստահ թող լինեն, որ նման բան չի լինի, բայց եթե լինի, ես միանշանակ կմերժեմ:

Հ.Գ. Նշենք, որ Ազգային ժողովի կողմից Գրիգոր Բեքմեզյանը 107 կողմ եւ 4 դեմ ձայներով ընտրվեց ԲԴԽ անդամ:

Քնար Մանուկյան




Լրահոս