ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր խորհրդարանում դիմելով Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանին՝ խոսել էր «Գրին էներջի կոնցեռն» ՍՊԸ-ին տրված մտահոգիչ արտոնությունների մասին: Ի պատասխան նշված ընկերության հայտարարություն՝ պատգամավորը լրացուցիչ պարզաբանել է եղելությունը:
Թ. Թովմասյանի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
Այսօր ՀՀ Հաշվեքննիչ պալատի 2018 թվականի հաշվետվության քննարկման ժամանակ պալատի նախագահ Լեւոն Յոլյանից ի թիվս այլ հարցերի, հետաքրքրվեցի հաշվետվությունում տեղ գտած մի պարբերության մասին. «Գրին էներջի կոնցեռն» ՍՊԸ-ին Վերնաշենի պոմպակայանը վարձակալությամբ տրամադրվել է ամսական 220 հազար ՀՀ դրամով: Վերջինս այդ պոմպակայանը գրավադրել է՝ ստանալով վարկային գիծ»:
Եւս մեկ անգամ ընդգծեմ, որ հարցս ընթերցում էի ՀՊ հաշվետվությունից (տես լուսանկարը): Ու բնականաբար, ինձ՝ որպես ՀՀ օրենսդիր մարմնի ներկայացուցիչ, խիստ մտահոգում է՝ պետական գույքը ինչպե՞ս կարող է վարձակալը գրավադրել, գումար ստանալ դրա դիմաց, ու մենք չգիտենք՝ ինչքան գումար է, որտեղ է ծախսվել եւ այլ մտահոգիչ հարցեր:
Ու ամենակարեւորը՝ ով է երաշխավորում, որ մի օր «Գրին էներջի կոնցեռն» ընկերությունը չի սնանկանա, եւ հերթական վարկը չի մնա մեր պետության վրա:
Այս մտահոգիչ խնդրի շուրջ հարցուպատասխանից ժամեր անց ինձ համար անհասկանալի տոնայնությամբ, մի շարք օրենքների հղումներով բաց նամակ ընթերցեցի քիչ առաջ՝ ըստ որի, ես իրավունք չունեի ՀՊ նախագահին հարցեր ուղղել «Գրին Էներջի կոնցեռն» ՍՊԸ-ի մասին:
Բայց միաժամանակ նույն նամակում գրվում է. «Ինչ վերաբերում է Թագուհի Թովմասյանի խոսքում հնչեցված այն հարցադրմանը, թե ինչքան վարկ է ստացել Ընկերությունը գույքի գրավի դիմաց, ապա ցանկանում ենք նշել, որ նախ Ընկերությունը գույքը չի գրավադրել և իրավասու չէր, քանի որ վերջինիս սեփականությունը չէր այլ վերջինս կնքել է իր` վարձակալի իրավունքի գրավի պայմանագիր, որի վերաբերյալ տեղեկատվությունը ազատ է…
Իսկ այն հարցը, թե ում է պատկանում Ընկերությունը, և ավելի ուշ հնչեցված անձնանունը, որը բացարձակապես կապ չունի տվյալ Ընկերության հետ, կարելի է ստույգ պարզել` ցանկացած ժամանակ հարցում կատարելով ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրից:
Որպես քաղաքացիաիրավական հարաբերությունների սուբյեկտ` գտնում ենք, որ նմանօրինակ պրովոկացիոն հարցադրումները ՀՀ օրենսդիր իշխանությունն իրականացնող բարձրագույն նարմնի նիստում հնչեցնելը հակասում է մեր կողմից սույն նամակով վկայակոչված իրավանորմերի պահանջներին և դուրս է էթիկայի կանոններից: Հարգանքով «Գրին Էներջի Կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրեն Տաթևիկ Ասատրյան»:
Նկատեցի՞ք, նույն տնօրենը հաստատում է ՀՊ-ի հաշվետվության մեջ գրված փաստը, որ պետական գույքը գրավադրվել է: Սակայն էլի չեն ասում, թե ինչքան գումարի դիմաց եւ ամենակարեւորը՝ ինչու է վերցվել այն:
Հարցիս երկրորդ մասում ասացի, որ ընկերությունը կապված է Սերժ Սարգսյանի եղբոր ընտանիքի հետ: ՀՀ քաղաքացիներին տեղեկացնում եմ, որ «Գրին էներջի կոնցեռն» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2015թ. հոկտեմբերին: Ընկերության հիմնադիր-բաժնետերը Գրիգոր Առաքելյանն է:
Վերջինս «Մինա-մայա» ՍՊԸ-ում Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանի որդու՝ Նարեկ Սարգսյանի հետ հավասարապես կիսում է ընկերության կողմից շահագործող երկու ՀԷԿ-երի բաժնեմասը (տես լուսանկարները):
Այսքանից հետո ինձ մնում է «Գրին Էներջի կոնցեռն» ՍՊԸ տնօրենին խորհուրդ տալ առավել կոռեկտ լինել, չկորցնել չափի զգացողությունը եւ իրավունք չվերապահել ԱԺ պատգամավորին ուղղություններ տալու՝ ինչի մասին կարող է հարցադրում անել, ինչի մասին՝ ոչ: ԱԺ պատգամավորը գործում է իր խղճով եւ համոզմունքներով ու որեւէ մեկը՝ առանց բացառության, չի կարող իր կամքը թելադրել պատգամավորին:
Ես շարունակելու եմ հետաքրքրվել, թե ինչպես, ինչ պայմաններում է այս կոնցեռնը ընդամենը 220 հազար դրամով հսկայական պոմպակայան վարձակալել, հետո էլ գրավադրել ու գումար ստացել: Նրանք պիտի պատասխան տան: Իսկ հարցերն ավելի շատացան:
Հարգանքներով ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյան