«Հրայրազրկում». անհասկանալի է, թե ինչքան ու ինչու են դիմադրում. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ դատական համակարգի առողջացման քայլերին զուգահեռ սկսվել է ՀՀ Սահմանադրական դատարանի «հրայրազրկման» ուրույն օպերացիա: ԱԺ-ի կողմից ընտրված Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը իր երդման օրը, երբ հայտարարեց, որ գնում է ոչ թե ՍԴ անդամ, այլ նախագահ, իհարկե, հասկանալի էր, որ Հրայր Թովմասյանի օրերը հաշված են:

Նա պետք է բռնի այն ուղին, որով անցան Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը եւ մի շարք այլ դատավորներ ու ԲԴԽ անդամներ: Սակայն դատելով իրավիճակից` Հրայր Թովմասյանը չի ցանկանում նահանջել, գոնե առայժմ:

Նախօրեին նա ինքնագոհ ժպիտով մտավ ՍԴ եւ հայտարարեց, որ ասելիք չունի. երբ ունենա, կասի: Թերեւս երկար ժպտալու առիթ նա չի ունենա, քանի որ օղակն իրապես սեղմվում է: Բայց երեկ ՍԴ-ի առջեւ սկսված ակցիան բազմաթիվ հեռուն գնացող եզրահանգումների առիթ է տալիս:

Նկատեցի՞ք` եթե Վերաքննիչ դատարանի առջեւ պայքարի են դուրս գալիս երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները, մի կողմում էլ հավաքվում են առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները եւ հայհոյում միմյանց, ապա ՍԴ-ի առջեւ Քոչարյանի կողմնակիցներին կամաց-կամաց փոխարինելու են Արցախում պարող Սերժ Սարգսյանի կողմնակիցները: Նրանք համարում են, որ ՍԴ-ն միակ տեղն է մնացել, որ ՀՀԿ-ից պատառիկներ կան, ու իրենց բաժին կռիվը կատաղի տալու են: «Հրայրը չպետք է հեռանա, դուխով պիտի կանգնի»,- ահա պատգամը:

Այսինքն՝ դատական իշխանության մի հատվածում իշխանության դեմ են դուրս եկել «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Քոչարյանի կողմնակիցները, մյուս իշխանության՝ ՍԴ-ի մոտ՝ դեռեւս մեղադրյալի կարգավիճակ չունեցող Սերժ Սարգսյանի մարդիկ:

Ու կարելի է ասել, որ դատարանների մաքրման գործընթացն ինքնաբերաբար բախվում է նախկին քսանամյա ռեժիմին կամ, ինչպես Արտաշես Գեղամյանը կասեր, Քոչարյան-Սարգսյան հանցավոր զույգին: Իսկ թե ինչով կավարտվեն այս պայքարները, թերեւս դժվար չէ կանխատեսել. պարզապես անհասկանալի է, թե ինչքան ու ինչու են դիմադրում:

Թեեւ, մյուս կողմից, դեռ կան իրավաբաններ, եվրոմասնագետներ, որոնք կարծում են, որ դատարանների մաքրման գործընթացը ճնշում է դատական իշխանության նկատմամբ, որն անթույլատրելի է, անօրինական եւ հակաժողովրդավարական: Մինչդեռ միջազգային շատ կառույցներ էլ դատական իշխանության անկախության վերականգնումն ու ամրապնդումը համարում են գերկարեւոր քայլ, որն իրականացվում է հետհեղափոխական Հայաստանում:




Լրահոս