ՀՀ կառավարության վերջին նիստը հագեցած էր լավ լուրերով, որոնց հայ հասարակությունը երկար է սպասել: Պարզվեց, որ վերջապես ՀՀ-ում եկել է մի իշխանություն, որը ցանկանում է վերացնել «աղետի գոտու շահառու» հասկացությունը: «Այդ գոտու բնակիչներին բնակարանով ապահովելու համար կառավարությունը կհատկացնի 3 միլիարդ դրամ: Նախատեսվում է 2021 թվականը դիմավորել առանց «աղետի գոտու շահառու» հասկացության», – նախօրեին հրավիրած 100-օրյա ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը: Սա նշանակում է, որ մոտ ապագայում այլեւս տնակներում ապրող համաքաղաքացիներ չենք ունենա:
Հիշեցնենք, որ նախորդ իշխանությունները տարիներ շարունակ խոսել են աղետի գոտու մասին, հանգանակություններ ու ծրագրեր ուղղորդել դեպի երկրաշարժից տուժած բնակավայրեր, հատկապես` Շիրակի մարզ, սակայն ամեն տարի մենք ականատես էինք լինում, որ անօթեւան քաղաքացիների թիվն ամենեւին չի փոքրանում մեր երկրում: Համենայն դեպս նրանց դժգոհությունները չէին մեղմվում, Շիրակի մարզի բնակչությունը մշտապես իշխող ՀՀԿ-ին ամենաքիչ ձայներն էր տալիս՝ ի պատասխան իշխանությունների վերաբերմունքին դեպի աղետի գոտի:
Իսկ եթե իրավիճակը թվային լեզվով ներկայացնենք, ապա պիտի հիշենք, որ 2015 թվականին անօթեւան 43 ընտանիք է ապահովվել բնակարանով, 2016-ին՝ 287: Առ այսօր բնակարանի խնդիր ունեցող շուրջ 550 ընտանիք շարունակում է մնալ, ըստ էության, անօթեւանի կարգավիճակում:
Համեմատենք նաեւ հետեւյալ թվերը. Վերմիշյանը հայտարարեց, որ աղետի գոտու բնակիչներին բնակարանով ապահովելու համար կառավարությունը կհատկացնի 3 միլիարդ դրամ, իսկ ՀՀ ԿԱ Քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի բնակարանային քաղաքականության եւ կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը նախորդ տարի հայտարարեց. «2017 թվականի բյուջեով նախատեսվել է 560 միլիոն դրամ Գյումրի քաղաքում աղետի գոտու ընտանիքների բնակարանային խնդրի լուծման համար»:
Այսինքն՝ նախկին իշխանությունները 1988-ից մինչ օրս գնացել են խնդրի փուլային, երկարաձիգ ու դժվար լուծման ճանապարհով, սակայն այսօր խնդիր է դրված փաթեթով հարցը կարգավորել եւ վերջ:
Հուսանք՝ ծրագիրը առաջիկայում իրականություն կդառնա, ու մենք ազգովի կմաքրենք «աղետի գոտի» հասկացության ամոթալի խարանը մեր ճակատից: