Հուլիսի 9-ին Ազգային Ժողովի արտահերթ նիստ կհրավիրվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախատեսվում է հուլիսի 9-ին Ազգային Ժողովի արտահերթ նիստ հրավիրել: Մեր տեղեկություններով` հայրենի կառավարությունը առաջիկայում խորհրդարան է ուղարկելու նախագծերի փաթեթ, որն էլ պետք է քննարկվի արտահերթ նիստում: Ազգային ժողովի արտահերթ նիստը գումարելու մասին հարցը կքննարկվի կառավարության այսօրվա նիստում, որի ժամանակ էլ կհաստատվի այն օրակարգը, որի համար հրավիրվում է նիստը:

Ամեն դեպքում, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պարտադիր քննարկման ենթակա նախագծերի թվին է պատկանում նաեւ նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանի եւ Վարազդատ Կարապետյանի օրենսդրական նախաձեռնությունը, որը, սակայն, կառավարության ցանկությամբ մի փոքր ձեւափոխվել էր, եւ առաջարկում են նվազագույն աշխատավարձը դարձնել ոչ թե 63 հազար, ինչպես օրենսդիրների նախագծում էր, այլ 68 հազար դրամ:

Եվ, ահա, այս հարցն այն հրատապ նախագծերի թվում է, որոնք պետք է քննարկվեն հուլիսի 9-ին մեկնարկող արտահերթ նիստի շրջանակում: Բացի այդ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գուցե այս արտահերթ նիստից հետո կրկին կառավարությունը նիստ հրավիրի, քանի որ շատ օրինագծեր կան, որոնք պետք է մինչ ամառվա վերջ ընդունվեն:




Լրահոս