Երեկ Սեւանի հարակից տարածքներում գտնվող օբյեկտների սեփականատերերը խոստացել էին կրկին փակել Սեւան-Երեւան մայրուղին, եթե պաշտոնական հաղորդագրություն չտարածվեր այն մասին, որ Սեւանա լճում լողալը վտանգավոր չէ: Հաղորդագրություն, իհարկե, եղավ. նախարար Արսեն Թորոսյանը համացանցի իր էջում գրեց, որ հիմնական հատվածներում վտանգը վերացել է, մնացյալում էլ վերանալու նախադրյալներ կան: Ասել է թե՝ Սեւանա լճում լողալը այլեւս վտանգավոր չէ:
Իսկ մինչ այդ էլ Գեղարքունիքի մարզպետն էր ցուցարար քաղաքացիների ճնշման տակ գնացել Սեւանի հանրային լողափերից մեկը, մտել լիճը, լողացել՝ ապացուցելով, որ լիճը վտանգավոր չէ լողալու եւ հանգիստ անցկացնելու համար:
Բայց այս պատմության մեջ միակ հակասությունը երկու պաշտոնական կառույցների իրարամերժ գործողությունները չեն. Առողջապահության նախարարությունն ասում է, թե վտանգավոր է լողալը, մարզպետը հանվում ու ջուրն է մտնում՝ ապացուցելով հակառակը:
Խնդիրն այստեղ այն է, որ ի սկզբանե Առողջապահության նախարարության ուշացած հայտարարությունը վերաբերում էր կոնկրետ հատվածների, որոնք վտանգավոր են մարդու եւ հատկապես երեխաների առողջության համար, ու մատնանշված կոնկրետ «ծաղկած» հատվածները իրապես տխուր պատկեր ունեին: Սակայն մարզպետը, որ ջուրը մտավ, լրիվ այլ հատվածում էր, եւ վիճահարույց չէր այնտեղ լողալը:
Ընդհանրապես արժե, որ ՀՀ պետական այրերը հանրային վերահսկողություն ասվածը ոչ թե ընկալեն քաղաքացիների ամեն ասածի հետեւից գնալու եւ հաճոյանալու տեսանկյունից, այլ տրամաբանված ու պետական մոտեցմամբ: Եթե նախարարությունը հայտարարում է` վտանգավոր է կոնկրետ հատվածում լողալը, նշանակում է, որ պետք էր գնալ կոնկրետ հատված ու տեղում քաղաքացիներին բացատրել, որ, տեսեք, այստեղ վտանգավոր է, այնուհետեւ գնալ ու մաքուր ափին հերոսաբար ջուրը մտնել:
Ու առհասարակ, նկատենք, որ Առողջապահության նախարարության հայտարարության տարընկալման արդյունք էր Սեւան-Երեւան ավտոճանապարհի փակումը: Իսկ տարընկալումներից խուսափելու ելքը ուղիղ երկխոսությունն է ոչ թե ճանապարհ փակելուց հետո, այլ մինչ այդ:
Բայց լավ է, որ այլեւս ճանապարհ չփակվեց: Մնում է` զբոսաշրջիկները վերհիշեն Սեւանը ու հաճախ գնան: