Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 18-ին հյուրընկալել է մասնավոր այցով Հայաստանում գտնվող՝ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին:

Նախագահը ողջունել է տիկին Բերեջիկլյանի այցը հայրենիք և բարձր գնահատել նրա գործունեությունը հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման և Արցախի ինքնորոշման իրավունքի:

Նոր Հարավային Ուելսի խորհրդարանը դեռ 1997 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև է ընդունել:

Գլեդիս Բերեջիկլյանն ասել է, որ լինելով Հայոց ցեղասպանությունը վերապրածի թոռնուհի և այցելելով Հայաստան՝ հպարտ է իր հայկական ծագմամբ ու արմատներով: Նա հույս է հայտնել, որ յուրաքանչյուր հաջորդ այցին Հայաստանը կտեսնի ավելի զարգացած:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ավստրալիայի ամենամեծ նահանգի՝ Նոր Հարավային Ուելսի միջև համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ, խոսել նաև ավստրալահայ համայնքի և նրա ունեցած դերի մասին:




Լրահոս