Գևորգ Ղազարյանը ` նոր թիմի, իր դեմ խաղացած լավագույն ֆուտբոլիստի և այլ հարցերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի բացառիկ հարցազրույցը Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Գեւորգ Ղազարյանի հետ, որը կարիերան կշարունակի Կիպրոսի առաջատար ակումբներից մեկի` ԱԵԼ-ի կազմում: Նա մեզ հետ զրույցում կիսվել է նոր թիմի մասին իր տպավորություններով ինչպես նաեւ պատասխանել շատ այլ հարցերի:

-Ի՞նչ կասեք ձեր նոր ակումբի մասին: Ի՞նչ տպավորություններ ունեք Կիպրոսից եւ ԱԵԼ- ից:

-Կարող եմ ասել, որ հրաշալի կոլեկտիվ է: Ինձ շատ լավ ընդունեցին թիմում եւ ես շատ լավ տպավորություններ ունեմ ԱԵԼ- ից եւ Կիպրոսից:

-Ի՞նչ սպասելիքներ ունեք այս մրցաշրջանից: Ո՞րն է այն նշաձողը, որը սահմանել եք այս մրցաշրջանի համար:

-Շատ ենք ցանկանում հայտնվել լավագույն եռյակում եւ կրկնել նախորդ տարվա հաջողությունն ու հաղթել գավաթի խաղարկությունում:

-Ո՞րն էր Պորտուգալիայից հեռանալու հիմնական պատճառը:

-Պորտուգալիայից կարող էի եւ չհեռանալ: Կային ակումբներ, որոնք առաջարկել էին պայմանագրեր, սակայն դրանք չընդունեցի, որովհետեւ պայմանները բավարար չէին:

-Կնշե՞ք այն առաջնությունը, որտեղ խաղալը ամենաբարդն էր Ձեզ համար:

-Ինձ համար ամենադժվարը եղել է Ուկրաինայի առաջնությունում խաղալը եւ գուցե այն պատճառով, որ Հայաստանից էի տեղափոխվել: Այդ շրջանում Ուկրաինայի առաջնությունը շատ ուժեղ էր:

-Դուք խաղադաշտում մրցել եք շատ ֆուտբոլիստների հետ: Ո՞վ է լավագույնը ում դեմ երբեւէ խաղացել եք:

-Լավագույն ֆուտբոլիստը ում դեմ խաղացել եմ կարծում եմ Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդու է:

-Արդեն մտածու՞մ եք Իտալիայի հավաքականի դեմ խաղի մասին: Ի՞նչ կարող եք ասել այդ հանդիպման սպասելիքների մասին:

-Իտալիայի դեմ խաղը կարծում եմ մեր բոլորիս մտքերում է: Մինչ այդ հանդիպումը պետք է փորձենք մաքսիմում պատրաստ մոտենալ խաղին: Այդ ժամանակ նոր կարելի է խոսել սպասելիքների մասին:

-Այս պահին Հայաստանում ընթանում է Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնությունը: Ինչպիսի՞ն են մեր երիտասարդների մրցելույթները ըստ Ձեզ:

-Մեր երիտասարդների մոտ նկատվում է շատ մեծ ցանկություն լավ արդյունքի հասնելու համար, սակայն երեւում է, որ կա միջազգային խաղերին մասնակցելու փորձի պակաս:

-Դուք որպես պրոֆեսիոնալ եւ փորձառու ֆուտբոլիստ ի՞նչ կասեք այս առաջնության մասին, մրցաշարը ի՞նչ կտա հայ երիտասարդ ֆուտբոլիստներին:

-Մրցաշարը առաջին հերթին կտա փորձ, որը առանց այս հանդիպումների ձեռք բերել հնարավոր չէ: Այս մրցաշարը պետք է լինի մոտիվացիա ավելի լավը դառնալու եւ հետագայում կրկին նման առաջնությունների մասնակցելու համար:

-Ըստ Ձեզ, հայկական ֆուտբոլը ի՞նչ փոփոխություններ է ունեցել վերջին շրջանում:

-Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը վերջին շրջանում անխոս մեծ վերելք է ապրել եւ այդ ամենը նաեւ լեգիոներների շնորհիվ: Կարծում եմ հայկական ակումբները կկարողանան հայտնվել Եվրոպա Լիգայի խմբային փուլում, եթե վիճակահանությունը լավ դասավորվի նրանց համար:

զրուցեց Էդմոն Մարտիրոսյանը




Լրահոս