ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես սոցապնախարարությունը յուրացրեց մանկատանն անորակ մսի բացահայտումը. ուրիշի հաշվին գովազդվելու տարբերակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարություն տարածեց այն մասին, որ «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ին մատակարարվել է անորակ սնունդ (միս): Բայց թե իրականում ով կամ ում կողմից է բացահայտվել, որ միսն անորակ է եղել, նախարարության տեքստում ոչինչ չկա նշված: Չմոռանանք նշել, որ մանկատանը միս մատակարարել է «Ֆոտոն» ՍՊԸ-ն հուլիսի 23-ին: Պարզվում է, որ 40 կգ միսը մատակարարվել է սառնարանային պայմաններ չունեցող մեքենայով:

Այսպես, ըստ այդ հայտարարության`անորակ մսի մատակարարման մասին պարզ է դարձել նախարարության ներքին աուդիտի բաժնի իրականացրած ստուգումների արդյունքում,այնինչ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մսի մատակարարման ժամանակ նախարարության ներկայացուցիչներից եւ որեւէ մեկը ներկա չի եղել: Նրանք, ինչպես ասում են,դեպքի վայր են ժամանել ուշացած`հաջորդ օրը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հուլիսի 23-ին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի հրամանով` մանկատանն իրականացվել են դիտարկումներ, որոնք ավարտվել են հուլիսի 24-ին: Եւ հենց այդ ժամանակահատվածում է, որ բացահայտվել է անորակ մսի առկայության փաստը:

«Ժողովուրդ»» օրաթերթը կապ հաստատեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի գլխավոր մասնագետ, տեսուչ Հովհաննես Սահակյանի հետ, որն ասաց. «Սնունդ ստանալիս մանկատան տնօրենը կապ է հաստատել ինձ հետ եւ տեղեկացրել, որ մատակարարված մսի գույնը, հոտը դուր չի գալիս իրեն: Խնդրեց մոտենալ, ստուգել այն: Մանկատան տնօրենը սննդի հարցում շատ ուշադիր է, համագործակցում է մեզ հետ: Գնացի միսը տեսելու, այնտեղ նախարարությունից որեւէ մեկը ներկա չէր»: Մեր զրուցակցից տեղեկացանք, որ ինքը մսից նմուշառում է վերցրել եւ ուղարկել լաբորատոր փորձաքննության: Այսքանը այն մասին, թե ով եւ ինչպես է բացահայտել մանկատուն մատակարարված անորակ մսի մասին:

Բայց «փրկիչները»` այս դեպքում նախարարության ներքին աուդիտի աշխատողները, մանկատուն այցելել են հուլիսի 24-ին` մսի մատակարարման հաջորդ օրը: Եւ նրանք, լսելով մսի հետ կապված պատմության մասին, ՍԱՏՄ տեսուչից լուսանկարներ են պահանջել: Իսկ, ահա, երեկ լուսանկարն ու մսի պատմությունը հայտարարության տեսքով տարածել են լրատվամիջոցներով, որտեղ ոչ մի խոսք անգամ չկա ՍԱՏՄ-ի գործունեության ու բացահայտման մասին: Ասել է թե`ուրիշի կատարած գործը անազնիվ կերպով վերագրել են իրենց,իբր, իրենք են եկել ու բացահայտել:

Մեր այն հարցին՝ ինչու պաշտոնական հայտարարության մեջ նշված չէ ՍԱՏՄ աշխատանքի մասին, Սոցապ նախարարությունից փոխանեցեցին. «Ավելացնելու ոչինչ չունենք. ինչ գրվել է պաշտոնական հայտարարության մեջ, դա է։ Դա առաջինն արձանագրել է մանկատան տնօրենը»։

Հ.Գ. Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ ընկերությունը միսը ձեռք է բերել Գումի շուկայից եւ այն մատակարարել մանկատուն: Հուսանք`այս հրապարակումից հետո գոնե «Գումի» շուկան կհայտնվի ՍԱՏՄ-ի տեսադաշտում:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս