ՀՀ քաղաքացին պետք է իրապես «դուխով» երեխա ունենա` իմանալով, որ պետությունը սատար կկանգնի. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին` Արցախում հրավիրված հանրահավաքի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռազմավարական եւ մարտավարական առումով կարեւոր ելույթ ունեցավ` նախանշելով առաջիկա տարիների ծրագիրը:

«- Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոն մարդու:

– Ստեղծել 1 միլիոն 500 հազար աշխատատեղ, ապահովել առնվազն 2.5 միլիոն մարդու զբաղվածությունը եւ վերացնել աղքատությունը:

– Հայաստանը դարձնել արդյունաբերական երկիր, 15-ապատկել Հայաստանի համախառն ներքին արդյունքը:

– Ունենալ 10 մլրդ դոլար արժեքը գերազանցող առնվազն 5 տեխնոլոգիական ընկերություն եւ 10 հազար աշխատող սթարտափ:

– Յոթնապատկել միջին աշխատավարձը:

– Բանակի մարտունակության ցուցանիշով տեղ զբաղեցրել աշխարհի առաջատար երկրների առնվազն առաջին 20-յակում:

– Ունենալ աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը:

– Ապահովել առողջապահական ծառայությունների 100 տոկոսանոց հասանելիություն, 20-ապատկել առողջապահության ֆինանսավորումը:

– Կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ, 20-ապատկել կրթության եւ գիտության ֆինանսավորումը:

– Հայաստան այցելող զբոսաշրջկների թիվը հասցնել 15 միլիոնի:

– Ֆուտբոլի հավաքականը դարձնել Եվրոպայի եւ/կամ աշխարհի առաջնության մեդալակիր, նվաճել 25 օլիմպիական ոսկե մեդալ եւ շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը»: Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի թիմը պետք է այսօրվանից արդեն սկսի վարչապետի խոսքերը կենսագործելու հստակ քայլերը: Ըստ ոլորտների` յուրաքանչյուր նախարարի թիվ մեկ օրակարգը պետք է սա լինի:

Օրինակ` առաջին կետը եթե վերցնենք` 5 մլն բնակիչ ունենալու ծրագրի վերաբերյալ, պետք է այս մասով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը լծվի այնպիսի ծրագրերի կյանքի կոչմանը, որոնք կմոտիվացնեն մարդկանց շատ երեխաներ ունենալ: Հենց այսօրվանից: Իսկ ՀՀ առողջապահության նախարարը պետք է լծվի մանկաբուժությունը օր առաջ զարգացնելու գործին: Ինչո՞ւ. որովհետեւ Հայաստանում մանկաբույժերի դեֆիցիտ կա: Մարդիկ չեն ցանկանում մանկաբույժ դառնալ, քանի որ եկամտաբեր չէ: Իսկ այսօր եղած մանկաբույժերը ԽՍՀՄ տարիներին կրթություն ստացած հիմնականում թոշակային տարիքի մարդիկ են:

Պետք է երիտասարդացնել մանկաբուժությունը: Եւ, վերջապես, այստեղ մեծ դեր պետք է ունենան նաեւ համայնքների ղեկավարները: Քաղաքապետերն ու գյուղապետերը պետք է շատացնեն համայնքներում մանկապարտեզների թիվը, նպաստեն հատկապես մսուր խմբակների ձեւավորումը, որպեսզի մարդիկ կարողանան 1-1,5 տարեկանից երեխաներին մանկապարտեզ ուղարկել ու գնալ իրենց աշխատանքը շարունակել:

Այսինքն` ՀՀ քաղաքացին պետք է իրապես «դուխով» երեխա ունենա` իմանալով, որ պետությունը սատար կկանգնի, եւ երեխա պահելը չի դառնա միայն իր հոգսն ու ծախսը, ինչպես այսօր է: Եւ այսպես պետք է մյուս բոլոր նախանշած կետերի մասով օր առաջ սկսել աշխատանքը:




Լրահոս